25/04/2019 12:22
Ինչո՞ւ է անհրաժեշտ, որ Հայաստանից հեռանան, որ դառնան աշխարհահռչակ երաժիշտ. Նիկոլ Փաշինյան
Համալսարաններին նեղացնելու քաղաքականությունից պետք է դուրս գանք, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց՝ համալսարանները այլևս պետք է իշխանության ձեռքին գործիք չլինեն, ապաքաղաքականացվեն:
«Մենք որոշակի երաշխիքներ պետք է ապահովենք, որ բուհը ավարտած ուսանողի աշխատանքը գտնելու շանսերը բարձր լինեն, այսօր միջազգային ասպարեզում ներառված բուհերի համար դա կարևոր չափանիշ է: Մենք պետք է այս տրամաբանության մեջ գնանք», - ասաց նա:
Վարչապետն ընդգծեց՝ արվեստի բուհերին էլ պետք չէ նեղացնել, պետք է փիլիսոայությունը փոխել:
«Մշակութային քաղաքականությունը պետք է փոխենք և այլ տրամաբանությաт վրա դնենք: Մենք պետք է մի պարզ հարցի պատասխանենք՝ ինչո՞ւ է անհրաժեշտ, որ Հայաստանից հեռանան, որ դառնան աշխարհահռչակ երաժիշտ, այստեղ պետք է հնարավորություն տանք, որ դառնան աշխարհահռչակ երաժիշտ», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արվեստի բուհերի խնդիրները կառավարության խնդիրներն են: «Իսկ ո՞վ է ասել, որ արվեստի բուհերի խնդիրները ավելի կարևոր են արվեստի բուհերի համար, քան կառավարության համար, դրանք առնվազն նույն չափով կարևոր են մեզ համար», - ասաց նա:
Վարչապետը նշեց, որ կրթությունը իրենց համար ռազմավարական ուղղություն է և պետական ներդրումների ծավալները պետք է մեծացնեն, սակայն պետք է առաջնորդվել ավելին՝ ավելիի դիմաց սկզբունքով:
«Փողից չպետք է սկսել խոսակցությունը, այլ, թե ինչ խնդիր ենք լուծում», - նշեց ՀՀ վարչապետը: