25/04/2019 17:26
Սա մենյու է՝ սիրո մասին. Նարեկ Դուրյանը՝ նոր ներկայացման ու հոբելյանական 60-ամյակի մասին
Ապրիլի 26-ին դերասան, բեմադրիչ Նարեկ Դուրյանը կդառնա 60 տարեկան: Ավանդույթի համաձայն՝ դերասանն իր հոբելյանական տարեդարձը կնշանավորի նոր մոնոներկայացմամբ. իր հիմնադրած «Բոհեմ» թատրոնում կկայանա «Սիրո մենյու» մոնո կատակերգությունը, որի հեղինակը, բեմադրիչն ու միակ դերակատարը հենց ինքն է:
«Սովորաբար, ես սիրում եմ իմ ծննդյան օրը նվեր անել ինձ, ընկերներիս ու հանդիսատեսին, ու նվերս լինում է մի նոր ներկայացման տեսքով: «Սիրո» մենյու»-ն ինքնակենսագրական ներկայացում չի, ինչպես անունն է հուշում՝ սա մենյու է՝ սիրո մասին», - Aysor.am-ի հետ զրույցում նկատեց Նարեկ Դուրյանը:
Ներկայացումը համեմված է լինելու նաև հետաքրքիր երաժշտական համարներով, երաժշտական ձևավորումը ևս պատկանում է դերասանին:
Ընդգծենք, որ Նարեկ Դուրյանի 50-ամյակի կապակցությամբ հանդիսատեսի դատին են ներկայացվել «Սե լա վի», իսկ 55-ամյակին՝ «Կոմա Նոստրա» ներկայացումները: