26/04/2019 13:23
Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է, և մենք պետք է հաշվի նստենք այդ իրողության հետ. Փաշինյան (Տեսանյութ)
Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, և մենք պետք է հաշվի նստենք այս իրողության հետ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նկատեց, որ զուգահեռ մեկ այլ իրավիճակ կա, երբ այլ երկրի համար ՀՀ քաղաքացին մեղադրյալ է, բայց Հայաստանը չի կարող արտահանձնել այդ քաղաքացուն։
Միքայել Հարությունյանը, հիշեցնենք, մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալներից է և մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար։
«Դա մեր Սահմանադրությանը և ՀՀ օրենքներին հակասում է։ Եթե օրենսդրությունը թույլ տա, ես չեմ ուզում այտեղ ենթատեքստեր տեսնել, որովհետև ի վերջո, ցանկացած պետություն իր քաղաքացուն ...Կներեք, հիմա ես չեմ ուզում շատ փակագծեր բացել, բայց մենք գիտենք՝ բացահայտորեն հանցագործ մարդ կա Հայաստանի Հանրապետությունում, որը օտարերկրյա պետության կողմից հետախուզվում է ու ակնկալում է, որ մենք պետք է հանձնենք, բայց այդ մարդուն մենք չենք կարող հանձնել, որովհետև ՀՀ քաղաքացի է։ Նա ակնհայտ հանցագործ է, ինքն էլ է այդ մասին ասում։ Հիմա, ասենք, Չեխիան հայտարարի, որ մենք իրենց անվտանգության սպառնալի՞ք ենք ստեղծում», - ասաց վարչապետը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Հայաստանի անվտանգությանը սպառնալիք չի ներկայացնում, որ նախկին պաշտոնյաները, մասնավորապես, պաշտպանության նախկին նախարարը, գտնվում են օտար երկրում։
Լրագրողը հետաքրքրվեց, թե եթե Ռուսաստանը չարտահանձնի Միհրան Պողոսյանին և քաղաքական ապաստան տա, ինչպիսի՞ն կլինի Հայաստանի արձագանքը, Փաշինյանն ի պատասխան ասաց, որ «եթե»-ներով սկսվող հարցերին չի պատասխանելու։