26/04/2019 11:27
Սահմանապահ լինելը ոչ միայն աշխատանքային կոչում է, այլև՝ առաքելություն. Վարչապետը շնորհավորեց Սահմանապահի օրը
Սահմանն, ընդհանրապես, ամենախորհրդավոր երևույթներից մեկն է, որ կարող է գոյություն ունենալ կամ գոյություն ունի, ԱԱԾ սահմանապահ զորքերի օրվան նվիրված միջոցառմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ընդամենը մի գիծ, որից թեկուզ մեկ մետր այն կողմ զգում ես տնից հեռու և որից ընդամենը 1 սմ այս կողմ զգում ես ինչպես տանը։ Հայաստանի Հանրապետություն ասելով՝ առաջին հերթին մենք նկատի ունենք մեր սահմանները, որովհետև այդ սահմաններով է տեղորոշվում մեր տեղը երկիր մոլորակի վրա, մեր տեղն՝ արևի տակ, մեր ապագան և անցյալի մասին մեր պատկերացումը», - ասաց վարչապետը։
Նա նշեց՝ սահմապահ ծառայությունն այդ առումով ունի չափազանց կարևոր նշանակություն։
«Ուզում եմ ընդգծել, որ մեզ հայտնի հանգամանքների բերումով այսօր սահմանապահ լինելը ոչ միայն աշխատանքային կոչում է, այլև՝ առաքելություն։ Այդ առաքելությունն այսօր պատվով կատարում են սահմանապահ զորքերի ծառայողները։ Այսօր ՀՀ-ում առնվազն դե ֆակտո գոյություն ունի այնպիսի հասկացություն, ինչպիսին սահմանապահ գյուղ կամ սահմանապահ բնակավայրն է։ Այս առումով Սահմապահի օրը տոն է ոչ միայն ԱԱԾ սահմանապահ զորքերի, այլ նաև՝ մեր զինված ուժերի, մեր ժողովրդի համար, որովհետև սահմանի անվտանգությունը մեր երեխաների ու մեր երկրի ապագայի անվտանգությունն է», - նշեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը շնորհակալություն հայտնեց ԱԱԾ սահմանապահներին, ՀՀ զինված ուժերին, ոստիկանության զորքերի ծառայողներին, ՌԴ սահմանապահ զորքերին, սահմանապահ գյուղերի բնակիչներին ՀՀ սահմանը ամուր պահելու և կատարած ծառայության համար։