26/04/2019 15:00
Հայկական կողմի լավագույն պատասխանը կարող է լինել հիպերակտիվ քաղաքականությունը. իրանագետ
Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի մասնակցությամբ գագաթնաժողովի ձևաչափը գործում է արդեն մի քանի տարի և միտված է եռակողմ համագործակցության զարգացմանը։ Խոսքը վերաբերում է հատկապես տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներին։ Սակայն այս ձևաչափի շրջանակներում ձեռքբերումները կողմերից որևէ մեկի համար այդքան էլ ակնառու չեն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչ պետք է սպասել ամռանը կայանալիք այս գագաթնաժողովից։
«Այդուհանդերձ, եթե այդ ձևաչափն այսօր արդյունավետ չի աշխատում, կարող է աշխատել դիցուք վաղը, հետևաբար դրա հանդեպ զրոյական ուշադրությունը մեր կողմից առնվազն վրիպում կլինի։ Մենք պետք է ուշադիր հետևենք այդ գործընթացներին՝ հատկապես հաշվի առնելով, որ գագաթնաժողովին մասնակցում է մեր նկատմամբ ակնհայտ թշնամական տրամադրվածություն ունեցող Ադրբեջանը։ Մյուս կողմից, մասնակցում են բարեկամական Իրանը և մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը։ Հետևաբար այս ձևաչափը չի կարող մեզ համար անհետաքրքիր լինել», - ասաց Վարդան Ոսկանյանը։
Իրանագետի խոսքով, սակայն, Հայաստան-Իրան և Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների զարգացումը ոչ մի կերպ չի կարելի կապել վերոնշյալ եռակողմ ձևաչափի հետ։
«Ակնհայտ է, որ նման ձևաչափերի միջոցով Ադրբեջանը փորձում է լուծել ոչ միայն տնտեսական հարցեր, այլ նաև Հայաստանի վրա քարոզչական ուժգին ճնշում գործադրել։ Հայկական կողմի լավագույն պատասխանը կարող է լինել հիպերակտիվ քաղաքականությունը՝ բազմաթիվ ոլորտներում։ Մենք պետք է կարողանանք թե՛ Ռուսաստանում, թե՛ Իրանում ապահովվել զգալի հայկական ներկայություն՝ ոչ միայն լոբբիստական տիրույթում, այլ նաև տնտեսական զանազան հատվածներում», - ասաց մեր զրուցակիցը։
Վարդան Ոսկանյանն ընդգծեց՝ ցանկացած եռակողմ, քառակողմ կամ այլ ձևաչափի հանդիպումներ, որոնք կազմակերպում է Ադրբեջանը, հայկական կողմի համար պետք է հետաքրքրական լինեն։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի գագաթնաժողովը տեղի է ունենալու Ռուսաստանում օգոստոսին: