26/04/2019 11:11
Զոհրաբ Մնացականյանը չի բացառում, որ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Վաշինգտոնում
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը «Առաջին լրատվականին» տված հարցազրույցում չի բացառել, որ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Վաշինգտոնում:
«Կա երեք համանախագահ: Մենք հանդիպում ունեցանք Փարիզում, Մոսկվայում, բնականաբար, երրորդ համանախագահը կա: Արդյոք կարող է հանդիպում տեղի ունենալ Վաշինգտոնում՝ իհարկե: Արդյոք մենք պատրաստ ենք դրան՝ իհարկե: Հաջորդ փուլը պետք է լինի, չէ՞», - ասել է Զ. Մնացականյանը:
Նրա խոսքով, երբ ԱՄՆ գործընկերները կհստակեցնեն իրենց հրավերը, այդ ժամանակ էլ վստահ եմ, որ կարող ենք խոսել, բայց չեմ ուզում ԱՄՆ մեր գործընկերների անունից ասել, որ այդ ամենը եղել է:
«ԱՄՆ-ում մեր գործընկերները պետք է նախապատրաստեն, հստակեցնեն: Գիտեք, ես չեմ կարող ասել, որ այսօր երեկոյան գալիս եմ Ձեզ մոտ հյուր՝ առանց, առաջին հերթին, Ձեր կողմից՝ դրա մասին հայտարարելու», - նշել է նախարարը: