26/04/2019 10:24
Ձեռներեցության մեջ կանայք կարող են ավելի արդյունավետ, հավասարակշռված և հաշվենկատ լինել. Նիկոլ Փաշինյան
Հայաստանում բնակչության մեծամասնությունը կանայք են և տնտեսապես ակտիվ բնակչության շուրջ կեսը կին է, Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովի ժամանակ այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում կանանց դերը և ակտիվությունը նկատելիորեն բարձրացել է։ Անցած տարվա ոչ բռնի հեղափոխությունն իրականություն չէր դառնա առանց կանանց լայնամասշտաբ մասնակցության։ Կանանց դերն իսկապես շրջադարձային էր, հուսով եմ՝ տնտեսական զարգացման ոլորտում նրանց դերը նույնչափ է լինելու», - ասաց գործադիրի ղեկավարը։
Նրա խոսքով՝ Հայաստանը կանացի խնամքի կարիք ունի, և նրանց ներկայությունն ամենատարբեր ոլորտներում պետք է ակտիվորեն խթանել։
«Կանանց ակտիվությունը տնտեսության, պետական կառավարման և մյուս համակարգում չպետք է հակասի ավանդական ընտանեկան արժեքներին։ Ձեռներցության մեջ կանայք կարող են ավելի արդյունավետ, հավաարակշռված և հաշվենկատ լինել։ Համոզված եմ, որ հայ կնոջ պատասխանատվության զգացումը մի փոքր ավելին է, քան տղամարդկանցը։ Կարծում եմ՝ վիճակագրորեն նրանք ավելի քիչ են ներքաշված կոռուպցիայում», - ասաց ՀՀ վարչապետը՝ կանանց տնտեսական հեղափոխության մեջ ակտիվության և շրջադարձային ազդեցության կոչ անելով։