27/04/2019 10:07
«168 Ժամ». Տեսանյութ, որը հիմք է հանդիսացել Սանասարյանին մեղադրյալ ճանաչելու համար
«168 ժամ» թերթը գրում է. «Այն մեղադրանքը, որ առաջադրվել է Դավիթ Սանասարյանին, հիմնավորված է ցուցմունքներով, կատարված առերեսումներով: Բայց չխախտելով պարոն Սանասարյանի անմեղության կանխավարկածը, հորդորում եմ բոլորին՝ մի քիչ համբերել, երբ գործն արդեն կուղարկվի դատարան, որտեղ բոլորդ և հանրությունը հնարավորություն կունենան ծանոթանալ այն ապացույցների հետ, որոնք ձեռք են բերվել նախաքննության ընթացքում, որից հետո բոլորը կարող են գնահատել այդ ապացույցների իսկությունը», - երեկ հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Ըստ «168 ժամ»-ի աղբյուրների՝ աղմկահարույց այս քրեական գործի քննության այն փուլում, երբ ըստ ԱԱԾ-ի՝ բավարար հիմքեր են ի հայտ եկել Սանասարյանին մեղադրյալ ճանաչելու համար, վարչապետ Փաշինյանն ընդդիմացել է և փաստարկներ է պահանջել ԱԱԾ տնօրենից: Եվ հակառակ նրա սպասումների՝ փաստարկները, որ դրվել են նրա սեղանին, ոչ միայն տրցակներով նյութեր են եղել, այլև տեսանյութ, որում հստակ երևում է Սանասարյանին հաստ տրցակներով գումարներ փոխանցելու դրվագը:
Ի դեպ, ըստ նույն աղբյուրների, անցած շաբաթ կառավարական ամառանոց Փաշինյանի հետ Սանասարյանին հանդիպման հրավիրելու առիթը հենց այս տեսանյութն է եղել: Փաշինյանը փորձել է տետատետ խոսել և պարզաբանումներ պահանջել հեղափոխական բարձրաստիճան պաշտոնյայից: Դավիթ Սանասրյանը լրագրողների հետ զրույցում հաստատել էր հանդիպման փաստը, սակայն մանրամասներ չէր ներկայացրել: Ի դեպ, բացառված չէ նաև հակառակ վարկածը: Օրինակ, այն, որ կարող էր նույն տեսանյութի մասին ինֆորմացիան հատուկ դրվել շրջանառության մեջ՝ հանրային կարծիքի չեզոքացման նպատակով»: