29/04/2019 14:21
Ընդդիմություն կծնվի. Կարեն Քոչարյան
Այս իշխանության ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ շատ-շատերն այդպես էլ չեն կարողանում քաղաքացիական գործչից դառնալ քաղաքական գործիչ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
«Սա բերում է բավականին լուրջ պրոբլեմների, և ժամանակի ընթացքում, իսկ այդ ժամանակը շատ երկար սպասել չի տա, կստեղծվեն այլընտրանքային ուժեր, որոնք կդառնան լուրջ քաղաքական ընդդիմություն այսօրվա իշխանությանը», - ասաց Կ.Քոչարյանը։
Նրա խոսքով՝ եթե այսօր ինչ-որ մի բան լինում է, իշխանություններն ասում են, թե դա հակահեղափոխական ՀՀԿ-ն է, Ռոբերտ Քոչարյանն է։
«Մոռացեք։ ՀՀԿ-ն ու Ռոբերտ Քոչարյանը չեն կարողանալու մոտակա ժամանակներում հետ գալ։ Դա դեռ չի նշանակում, որ նրանք չեն աշխատում, աշխատում են, բայց նույն քաղաքական կշիռը չեն կարողանալու ունենալ», - նշեց քաղտեխնոլոգը։
Կարեն Քոչարյանի գնահատմամբ՝ եթե ՀՀԿ-ն ու Ռոբերտ Քոչարյանը չկարողանան նույն կշիռն ունենալ, դա դեռ չի նշանակում, որ այլ ուժեր չեն ունենալու։
«Սա է խնդիրը։ Կա Լուսավոր Հայաստանը, կարող են լինել արտախորհրդարանական և այլ ուժեր, նոր ստեղծվող ուժեր։ Ընդդիմություն կծնվի», - ընդգծեց Կարեն Քոչարյանը։