29/04/2019 17:40
ԼՂ հակամարտության հարցով Լուկաշենկոյի հայտարարությունն ադրբեջանցիներին դուր գալու քայլ է. քաղաքագետ
Ալեքսանդր Լուկաշենկոն չափից դուրս գերագնահատում է անձամբ իր և Բելառուսի հնարավորությունները: Դա նոնսենս է և խառնակչություն, որովհետև ո՛չ Բելառուսն է այն պետությունը, որ ազդեցություն ունենա ԵԱՀԿ-ի վրա, ո՛չ էլ Լուկաշենկոն՝ այն քաղաքական գործիչը, որի խոսքը կարող է որոշիչ լինել ԼՂ հակամարտության լուծման հարցում:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանն՝ անդրադառնալով ԵԱՀԿ-ին ուղղված Լուկաշենկոյի կոչին՝ հանդիպել և ի թիվս չլուծված այլ հակամարտությունների՝ լուծման ուղիներ գտնել Արցախյան հակամարտության համար:
«Բելառուսն իրեն փիղ է երևակայում, այնինչ ընդամենը փքված գորտ է, նա կարիք ունի Եվրոպայի հետ քաղաքակիրթ հարաբերություններ հաստատել: Այդ երկիրն ապրում է բացառապես Ռուսաստանին շանտաժի ենթարկելու ճանապարհով», - նկատեց մեր զրուցակիցը:
Քաղաքագետի խոսքով՝ Բելառուսի նախագահի կոչը ոչ այլ ինչ է, եթե ոչ իրավիճակն անփոփոխ պահելու կամ Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու փորձ:
«Սա նաև հետընթաց է, ադրբեջանցիներին դուր գալու քայլ, ինչը Հայաաստանի համար կարող է խոչընդոտներ ստեղծել: Բելառուսը միշտ և անընդհատ գործել է հայ ժողովրդի շահերի դեմ: Այժմ էլ այդպես է. այդ երկիրը զենք է մատակարարում Ադրբեջանին` պրագմատիզմի անվան տակ», - ամփոփեց քաղաքագետը:
Հիշեցնենք՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն չպետք է աչք փակի եվրոպական տարածաշրջանում առկա հակամարտությունների վրա: Նա կազմակերպության անդամ երկրների ղեկավարներին կոչ է արել հանդիպել ու քննարկել անվտանգության ոլորտում առկա խնդիրները:
«Այստեղ՝ մեր ընդհանուր տանը, կուտակվել են բազում խնդիրներ, որոնք պետք է լուծում ստանան՝ Լեռնային Ղարաբաղը, Մերձդնեստրը, ավելացել է Ուկրաինան և այն արդեն լուրջ հակամարտություն է, շատերն այն պատերազմ են անվանում», - ասել է Լուկաշենկոն: