29/04/2019 14:26
Գագիկ Ծառուկյանը ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվում. ԲՀԿ խմբակցության պատգամավոր
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԿԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, որ «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի սահմանված կարգով ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում:
Իդեպ, «ՔՈ» կուսակցությունն իր տարածած հաղորդագրության մեջ մանրամասնել է, որ խոսքը վերաբերվում է ապօրինի ձեռնարակատիրական գործունեությամբ զբաղվելու կասկածին, ինչի հաստատման դեպքում նշված պատգամավորի լիազորությունները պետք է դադարեցվեն։
«Հայաստանի Հանրապետությունում բիզնեսը պետական կառավարման համակարգից պետք է տարանջատված լինի և վերջ». գրված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։
«Ես ծանոթ չեմ նյութերին, ես միայն գիտեմ մի բան, որ պարոն Ծառուկյանը ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվում», - ասաց պատգամավորը:
Հարցին՝ ԲՀԿ առաջնորդն անձամբ տեղյա՞կ է Սուրեն Սահակյանի գործողություններից և ինչ դիրքորոշում ունի դրանց վերաբերյալ, մեր զրուցակիցը պատասխանեց, որ տեղյակ չէ, Գագիկ Ծառուկյանին չի տեսել և նրա հետ չի զրուցել: Գևորգ Պետրոսյանը դժվարացավ տեսակետ հայտնել, թե ինչու է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղարը դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ լավ իմանալով, որ ԲՀԿ առաջնորդը ձեռնարկատիրությամբ չի զբաղվում: