29/04/2019 12:41
ԱՄՆ ֆիննախ. Պեկինի հետ առևտրական բանակցությունները մոտենում են ավարտին
ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը կարծում է, որ Վաշինգտոնի և Պեկինի միջև առևտրական բանակցությունները մոտենում են եզրափակիչ փուլին: Նման կարծիք, ինչպես նշում է The New York Times թերթը, ԱՄՆ ֆիննախը հայտնել է Լոս Անջելեսում կայացած խորհրդաժողովում:
«Մենք եզրափակիչ փուլն ենք մտնում,- ասել է Մնուչինը:- Կարծում եմ, որ երկու կողմն էլ ցանկանում են հասնել համաձայնության: Մենք մեծ առաջընթացի ենք հասել»: Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ ներկայում դեռ «չլուծված են մնում մի քանի կարևոր հարցեր»:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մոտ ժամանակներս Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին կընդունի Սպիտակ տանը:
«Շուտով մեզ մոտ կլինի Սի Ցզինպինը»,- նշել էր Թրամփը:
Արդեն տեղեկացվել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը և առևտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերն երեքշաբթի կժամանեն Չինաստան, որտեղ կհանդիպեն չինական կողմի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու առևտի հարցերը: ՉԺՀ-ի կողմից բանակցությունները կգլխավորի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն: Այնուհետև փոխվարչապետը կգլխավորի Չինաստանի պատվիրակությունը, որը կմեկնի Վաշինգտոն՝ առևտրական բանակցությունների հերթական փուլին:
Նախատեսվում է, որ այն կսկսվի մայիսի 8-ին: