29/04/2019 16:54
Աբակ-2019. Երևանում տեղի կունենա «հաշվիչ երեխաների» օլիմպիադա
Մայիսի 5-ին Երևանում տեղի է ունենալու «Աբակ» Հայաստանում առաջին մենթալ թվաբանության ակադեմիայի կողմից կազմակերպվող 3-րդ՝ «Աբակ - 2019» մենթալ թվաբանության ամենամյա օլիմպիադան։
Օլիմպիադային մասնակցելու է «Աբակ» ակադեմիայում, ինչպես նաև ակադեմայի հովանու ներքո գործող «Աբակ Քիդս» մենթալ թվաբանության կենտրոնների ցանցի մասնաճյուղերում սովորող 5-ից 15 տարեկան 300-ից ավելի սան Երևանից և մարզերից։
Միջոցառմանը ներկա են լինելու ինչպես կրթության ոլորտի մասնագետներ, այնպես էլ հատուկ հյուր՝ մենթալ թվաբանության աշխարհի կարկառուն ներկայացուցիչ, GAJSMA մենթալ թվաբանության միջազգային ասոցիացիայի հիմնադիր Դոկտոր Շիհան Փուշփանաթհանը՝ Հնդկաստանից։
Ընթացքում ելույթ է ունենալու «Դեպի Մանկական Եվրատեսիլ 2018» թվականի մասնակից Անի Մնացականյանը՝ ներկայացնելով պրեմիերա՝ ակադեմիայի հիմնը։
Նշենք, որ «Աբակ» ակադեմիան հիմանդրվել է 2016 թվականի մարտի 28-ին։ Այսօր արդեն հարյուրավոր երեխաներ յուրացնում են հազարամյակների պատմություն ունեցող մենթալ թվաբանության մեթոդը, որը նրանց օգնում է ոչ միայն արագ հաշվել, այլև զարգացնել կամածին ուշադրությունը, տեսողական և լսողական հիշողությունը, կենտրոնացումը, վերլուծական մտածողությունը, տրամաբանությունը, ալտերնատիվ մտածելակերպը։
2018 թվականին ակադեմիայի սաները մասնակցել են Դուբայում և Սոչիում կայացած մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադաների ու Հայաստան բերել 18 մրցանակ, այդ թվում՝ 2 սուպերչեմպիոնական և 4 չեմպիոնական գավաթ։
2019 թվականի հունիսին ակադեմիայի սաները Անթալիայում անցկացվելիք WAMAS 2019 մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադային ներկայացնելու են Հայաստանը։