30/04/2019 16:35
Եվրոպական միության կողմից հայտարարությունը, որ կա երկխոսություն մեզ հետ, փաստում է՝ առաջին քայլն արված է համագործակցության ուղղությամբ. Տիգրան Սարգսյան
Եվրոպական միության կողմից հայտարարությունը, որ կա երկխոսություն մեզ հետ, փաստում է՝ առաջին քայլն արված է համագործակցության ուղղությամբ, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Նա ընդգծեց, որ տեխնիկական հարթության մեջ երկխոսությունը թույլ է տալիս տնտեսվարողների համար մի շարք խնդիրներ լուծել:
«Մենք շահագրգռված ենք համագործակցության մեխանիզմներ ստեղծել, որը նախևառաջ ուղղված կլինի տնտեսվարող սուբյեկտների համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն: Խոսքը նախ տեխնիկական կանոնակարգեր ունենալու, նորմատիվ փաստաթղթերի և մեր կողմից անցկացվող հակադեմփինգային հետազոտությունների մասին է», - ասաց նա:
Սարգսյանը նկատեց, որ դրական է գնահատում գործընկերների կողմից իրենց որպես սուբյեկտ ճանաչելը, ինչը թույլ է տալիս տեխնիկական մակարդակում աշխատել եվրոպական հանձաժողովի հետ:
«Մեզ դիմում են Եվրոպական բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք իրեն գործունեությունը եվրասիական միության տարածքում են իրականացնում և նրանց շահերը հաշվի չեն առնվում նման երկխոսության պակասի պատճառով: Մեր եվրոպացի գործընկերները նշում են, որ շահագրգռված են նման երկխոսության առկայությամբ, բայց որոշ քաղաքական խնդիրների պատճառով լայնամասշտաբ երկխոսություն չկա, բայց կարող եմ վստահեցնել, որ քանի դեռ եվրասիական միություն ամրապդնվում է, այս երկխոսությունը եվրոպական միության հետ ևս կամրապնդվի»: