30/04/2019 10:11
«Ժողովուրդ». Շատ կադրեր պարզապես փորձում են սաբոտաժ անել
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններում նախկին իշխանությունից մնացած շատ կադրեր պարզապես փորձում են սաբոտաժ անել՝ անհարմար դրության մեջ դնելու նոր իշխանություններին: Անցած տարեվերջին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը խիստ նկատողություն արեց քաղաքապետարանի այն աշխատակիցներին, որոնք քաղաքացիների դիմումներին պատասխանել էին՝ առանց խնդրի էությանը ծանոթանալու: Նման իրավիճակ է նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում. մարզպետ Գնել Սանոսյանն օրերս դժգոհել էր, որ մարզպետարանի աշխատողները հավուր պատշաճի չեն պատասխանում քաղաքացիների նամակներին:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սանոսյանը մանրամասնել է. «Գրություններ կան, որոնք վերաբերում են իրենց ծանոթ գուղապետերին կամ, չգիտեմ, դպրոցի տնօրենին կամ այլ պաշտոնյայի, և նախկին, որոշակի ընկերական, ինչ-ինչ կապերից ելնելով` փորձում են մեղմացնել ու ամբողջ իրական պատկերը չտալ»:
Հիմա մարզպետը ոչ միայն չի հանդուրժում այդ գործելաոճը, այլև անձամբ է հետևում, թե ինչ են պատասխանել քաղաքացիների նամակներին: