30/04/2019 17:09
Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար. Տիգրան Սարգսյան
Իրանի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև ազատ առևտրի գոտու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագրի ուղղությամբ աշխատանքները բարդացնում է այն հանգամանքը, որ դրա շուրջ բանակցությունների ժամանակ Իրանի դեմ պատժամիջոցները նոր փաթեթը դեռևս չկար, այսօր Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը։
«Սա, իհարկե, որոշակի փոփոխություններ կբերի տնտեսվարող սուբյեկտների համար, քանի որ մենք տեսնում ենք, որ դա լրջորեն ազդում է իրանցի գործընկերների հետ առևտրի իրականացման տեխնոլոգիաների, գործարքների, ֆինանսական գործողությունների վրա», - ասաց Տիգրան Սարգսյանը։
«Մյուս կողմից, Իրանի դեմ պատժանմիջոցները ստեղծում են լրացուցիչ հնարավորություններ առաջին հերթին Հայաստանի համար, քանի որ Հայաստանը կարող է օգտվել իր աշխարհագրական դիրքից ու որոշակի գործիքակազմ առաջարկել, որը կարող է նպաստել Իրանի հետ առևտրաշրջանառության ավելացմանը», - նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահը։
Այսպիսով, Տիգրան Սարգսյանի խոսքով, Հայաստանը կկարողանար իրականացնել Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև կամուրջ լինելու իր գործառույթը։