30/04/2019 11:21
Լյուդվիգ Հարությունյանը նշանակվեց Գյումրու թատրոնի տնօրեն. թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը կվստահվի Նիկոլայ Ծատուրյանին
ՀՀ մշակույթի նախարարության կողմից հայտարարված Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի թափուր հաստիքի համար ապրիլի 26-ին տեղի ունեցած մրցույթի արդյունքներով այսօր թատրոնի տնօրեն է նշանակվել Լյուդվիգ Հարությունյանը, ով մինչ այս հանդիսանում էր նույն թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը: Թե ովքեր են եղել մրցույթին մասնակցող մյուս թեկնածուները, նորանշանակ տնօրենը չգիտի:
«Բնականաբար, այլ թեկնածուներ եղել են, բայց քննությունների ժամանակ ես նրանց չեմ հանդիպել: Քննության երկու փուլի եմ մասնակցել՝ թեստային և բանավոր», - Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց տնօրենը:
Մեզ հետ նախորդ զրույցում Լ. Հարությունյանը նշել էր՝ տնօրենի մրցույթում հաղթելու պարագայում կառչած չի մնա գեղարվեստական ղեկավարի աթոռից, ու երկու պաշտոնը չի համատեղի:
Առաջիկայում թատրոնում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում, հենց այդ ժամանակ էլ կհստակեցվի՝ ո՞ւմ կվստահվի թատրոնի գեղարվեստական ղեկը: Վարչարարական աշխատանքը ստանձնած Լյուդվիգ Հարությունյանը խոստանում է՝ ինքն էլ զերծ չի մնա բեմադրություններ անելուց:
«Մի բան միանշանակ է, երկու պաշտոնները չեն համատեղվի, բայց, կարծում եմ, տնօրենն իրավունք կունենա ներկայացումներ բեմադրելու: Երբ գեղարվեստական ղեկավար էի, ես միշտ էլ տարբեր ռեժիսորների էի հրավիրում ներկայացումներ անելու, գլխավոր ռեժիսորի հաստիք չենք ունեցել: Հրավերների սկզբունքը հիմա էլ կպահպանվի: Ինչ վերաբերվում է հիմնական գեղարվեստական ղեկավարին՝ եթե կառուցվածքային փոփոխություններ արդյունքում այդ հաստիքը պահպանվի, ապա այն, միանշանակ, կզբաղեցնի թատրոնի երկար տարիների գեղարվեստական խորհրդատու Նիկոլայ Ծատուրյանը: Թատրոնում նաև շատ լավ ռեժիսորներ ունենք՝ Ասպրամ Բաղդասարյան, Հովհաննես Հովհաննիսյան, ովքեր Նիկոլայ Ծատուրյանի գլխավորությամբ հոգ կտանեն բովանդակության մասին», - նկատեց նա:
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված թատրոնում նախատեսված կառուցվածքային փոփոխությունը, և արդյոք այն կհանգեցնի կրճատումերի, պատասխանեց՝ կառուցվածքային փոփոխություններն ի շահ թատրոնի են լինելու, որևէ կրճատում չի լինելու, որևէ աշխատակից դրանից չի տուժելու ու թատրոնի աշխատանքը չի խաթարվելու: