01/05/2019 10:48
Մեր պետության կարևորագույն խնդիրներից է՝ ստեղծել այնպիսի պայմաններ, որ յուրաքանչյուրն ունենա աշխատելու հնարավորություն. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ:
«Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի` Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ:
Հայ ժողովուրդը միշտ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ, մեծարել ու գնահատել է աշխատավորին ու նրա աշխատանքը՝ այն խորին համոզմամբ, որ հենց աշխատանքն է դաստիարակում ու գեղեցկացնում մարդուն, հենց աշխատանքն է բարօրության հիմնական աղբյուրը:
Մեր պետության կարեւորագույն խնդիրներից է՝ ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի յուրաքանչյուրն ունենա աշխատելու, սեփական աշխատանքով իր կարիքները հոգալու, իր երեխաների համար բարեկեցիկ կյանք ապահովելու հնարավորություն:
Նոր աշխատատեղերի ստեղծումը, բնակչության զբաղվածության մակարդակի բարձրացումը, աշխատավորների իրավունքների պաշտպանությունն այսուհետ եւս կլինեն մեր իշխանությունների առաջնահերթությունների շարքում, որոնց լուծման ուղղությամբ իրականացվում են տարբեր ծրագրեր:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ մայիսյան այս գեղեցիկ տոնի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք», - ասված է ուղերձում։