02/05/2019 10:53
2018-ին մեղադրյալների քանակը աճել է, իսկ կալանքի միջնորդությունների թիվը` նվազել. Գլխավոր դատախազ
Հայաստանի իրավապահ մարմինները դասեր են քաղել Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներից։ Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, ներկայացնելով 2018 թվականի գործունեության հաշվետվությունը, հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը` ավելացնելով, որ բացի ՄԻԵԴ վճիռները, ուսումնասիրել են նաև եվրոպական դատարանի նախադեպային իրավունք ու սահմանել գործնական ուղենիշեր։
«Այդ ուղենիշերը քրեական հետապնդման մարմինների համար սեղանի գրքեր են դարձել այժմ։ Իմ գնահատմամբ, սրանք շատ կարճ ժամանակահատվածում լուրջ արդյունքներ են տվել», - հայտարարեց պաշտոնյան։
Իսկ արդյունքն այն է, որ մեղադրյալներին այժմ ավելի քիչ են կալանավորում։
«2018-ին տարբեր քրեական գործերով անցնող մեղադրյալների քանակը 10 տոկոսով ավելի է եղել, քան՝ 2017-ին և դա այն պայմաններում, երբ 2018-ին 20 տոկոսով ավելի պակաս կալանքի միջնորդություններ են ներկայացվել դատարան։ Այսինքն՝ մեղադրյալների քանակը աճել է, իսկ կալանքի միջնորդությունների թիվը՝ նվազել։ Սա խոսում է այն մասին, որ իսկապես կալանավորման որպես խափանման միջոց ընտրելու հարցին գնալը անցնում էր լուրջ քննարկման փուլ», - հավելեց Դավթյանը։
Մասնավորապես, ըստ գլխավոր դատախազի, ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների դեպքում փորձում են չկալանավորել և կալանքի գնում են միայն այն դեպքում, երբ կունենան փաստ, որ մեղադրյալը խոչընդոտոմ է քննությանը։ Սակայն, պատկերն այլ է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում. մեղադրյալները կալանավորվում են։
Բացի այդ, ըստ գլխավոր դատախազի, էապես աճել է գրավը որպես խափանման միջոց ընտրելու դեպքերը։ Նրա խոսքով՝ այլ ելք չկա, քանի որ հայաստանյան օրենսդրությունը խափանման միջոցների սահմանափակ տեսականի ունի։