02/05/2019 16:30
Դատարանում կլինեն բոլոր երեք նախագահները. Գլխավոր դատախազը Մարտի 1-ի գործով բացառիկ դատավարություն է խոստանում
Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը կապ ուներ Մարտի 1-ի գործի ընթացքի, զարգացումների հետ, այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Մարտի 1-ի քրգործի վերաբերյալ հարցերին ի պատասխան հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Այս գործում ամենակարևոր էֆֆեկետն այն է, որ մարդիկ սկսեցին համագործակցել քննություն իրականացնող մարմնի հետ: Դուք կտեսնեք անձանց, ովքեր հրապարակային ցուցմունքներ են տալիս։ Իշխանափոխությունը կապ ունեցավ, որ քաղաքացին անկաշկանդ տեղեկություններ ներկայացրեց, դատավարության մասնակիցն անկաշկանդ տեղեկություններ ներկայացրեց, մասնակցեց քննչական գործողությունների կատարմանը»,- ավելացրեց Դավթյանը:
Գլխավոր դատախազի խոսքով, Մարտի 1-ի գործի դատավարության գրեթե ամբողջ ընթացքը հանրությունը կտեսնի և կտա իր գնահատականները։ Նա նկատեց, որ տարբեր ժամանակներում մարտիմեկյան իրադարձությունների մասին տարբեր շշուկներ ու խոսակցություններ են տարածվել, բայց հրապարակային դատավարությունը ցույց կտա ամեն ինչ, հանրությունը կտեսնի ու կլսի յուրաքանչյուրի տեղեկությունները:
«Բացառիկ, աննախադեպ դատավարություն է լինելու, դուք կտեսնեք երրորդ հանրապետության ժամանակվա նվազագույնը 3 նախագահներին տարբեր դատավարական կարգավիճակով, կտեսնեք բազմաթիվ հասարակական, քաղաքական գործիչների, նախկին ու ներկա պաշտոնատար անձանց»,- հայտարարեց Դավթյանը։
Հարցին՝ ամբողջ դատավարությունը դռնբա՞ց է լինելու, թե՞ ոչ, Արթուր Դավթյանը պատասխանեց, որ կլինեն փոքր հատվածներ, որոնք դռնփակ կանցկացվեն.
«Բայց, որպես կանոն, հրապարակային կլսեք մարդկանց ցուցմունքները»։
Նշենք, որ նախորդ շաբաթ Մարտի 1-ի քրեական գործը, որով որպես մեղադրյալներ անցնում են նախկին բարձրաստիճան 4 պաշտոնյաներ, արդեն ուղարկվել է դատարան: Դատավարության մեկնարկի օրը դեռևս հայտնի չէ: