02/05/2019 16:21
Հայաստանի համար առաջնային են ՌԴ-ի հետ հարաբերությունները, իսկ ԵԱՏՄ-ի հետ դրանք բավականին ամորֆ են. Քաղտեխնոլոգ
Ինֆորմացիայի սղության պարագայում այս պահին փոքր ինչ դժվար է ասել՝ ինչ արդյունքների կարող է հանգեցնել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը Երևանում անցկացնելու նախաձեռնությունը, սակայն հստակ է, որ Հայաստանի նոր իշխանությունները սկսում են ավելի հանգիստ վերաբերվել մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ընդգծելով՝ այժմ ամեն հնարավոր առիթով շեշտվում է ՌԴ-ի հետ հարաբերությունների կարևորությունը, այդ երկրի հետ հարաբերություններն ավելի բալանսավորված են դառնում.
«Ընդ որում, հարաբերություններն ավելի բալանսավորված են դառնում թե՛ ուղղահայաց առումով՝ առաջին դեմքերի մակարդակով, թե՛որոշակի տեղաշարժեր կան հորիզոնական մակարդակներում, մասնավորապես՝ հորիզոնական կապերի մակարդակով իրար հետ սկսում են համագործակցել պաշտպանական համակարգերը»,- ասաց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետի՝ ռուսաստանցի գործընկերոջն իր տանը հյուրընկալելու, նրա հետ ակումբում ժամանակ անցկացնելու ժեստերը մեկ անգամ ևս ցույց են տալիս, որ Հայաստանն առանձնակի նշանակություն է տալիս Ռուսաստանին և հույս ունի, որ նույնատիպ վերաբերմունքի կարժանանա նաև Ռուսաստանի կողմից։
«Ամեն դեպքում, կան ֆորմալ պահեր, որոնք ցույց են տալիս հարաբերությունների մակարդակը։ Կարծում եմ՝ Հայաստանն ամեն դեպքում փորձում է և՛ միջանձնային, և՛ պաշտոնական մակարդակներով հարաբերություններ հաստատել։ Ինչ վերաբերում է կոնկրետ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ընդունված աշխատանքային որոշումներին, ժամանակը ցույց կտա՝ որքանով դրանք առնչություն կունենան իրական կյանքի հետ։ Պրակտիկան ցույց է տվել, որ ոչ միշտ են այդ որոշումներն արագորեն կյանքի կոչվել»,- ասաց Վիգեն Հակոբյանը։
Զրույցի ավարտին քաղտեխնոլոգը կրկին շեշտեց, որ Հայաստանի համար Ռուսաստանի հետ հարաբերություններն առաջնային են, այն դեպքում, երբ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները բավականին ամորֆ են։ Նրա խոսքով՝ մեզ համար առավել կարևոր են ռուսական շուկան, ռուսական ռազմատեխնիկական առաջարկները, էներգակիրները, իսկ ահա ԵԱՏՄ մյուս երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը, և անգամ միջպետական հարաբերությունները՝ հեռու են իրապես դաշնակցային լինելուց։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևն աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել ապրիլի 29-ին՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։