02/05/2019 17:08
Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթը կանցկացվի մայիսի 11-13-ը
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և «Էդվարդ Միրզոյան» հիմնադրամի գործընկերությամբ 2019 թ. մայիսի 11-13-ը կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 6-րդ մրցույթը:
Մրցույթին իրավունք ունեն մասնակցելու մինչև 18 տարեկան հայազգի ստեղծագործողներ:
Մրցույթը կանցկացվի երկու տարիքային խմբերում. կրտսեր խմբում կընդգրկվեն մինչև 13 տարեկան պատանիներ, ովքեր պետք է ներկայացնեն ցանկացած գործիքի համար գրված մեկ ստեղծագործություն՝ մինչև 5 րոպե տևողությամբ: Ավագ խմբում՝ 14-18 տարեկան պատանիներ, ովքեր պետք է ներկայացնեն մինչև 4 գործիքի համար գրված մեկ ստեղծագործություն՝ առավելագույնը 10 րոպե տևողությամբ:
Մայիսի 11-ին, ժամը 16:00-ին կկայանա մրցութային փուլը:
Մայիսի 12-ին՝ Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը, մասնակիցները ժամը 12:00-ին կայցելեն պանթեոն և հարգանքի տուրք կմատուցեն անվանի կոմպոզիտորի հիշատակին:
Մայիսի 13-ին, ժամը 16:00-ին տեղի կունենա Գալա համերգն ու մրցանակաբաշխությունը:
Յուրաքանչյուր խմբում մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած պատանիները կպարգևատրվեն մրցույթի անվանական հուշանվեր-գավաթներով, պատվոգրերով, իսկ հաղթող մասնակիցները՝ նաև Երևանի քաղաքապետի պատվոգրով, ինչպես նաև «Էդվարդ Միրզոյան» հիմնադրամի կողմից՝ դրամական պարգևներով:
Մրցութային ստեղծագործությունները կձայնագրվեն Երևանի պետական կոնսերվատորիայի ակուստիկ լաբորատորիայում: Ոչ մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն խրախուսական նվերներով և մասնակցության վկայականներով:
Բոլոր մասնակիցների համար Երևանի պետական կոնսերվատորիայում կանցկացվեն վարպետության դասեր ԵՊԿ դասախոսական կազմի կողմից, նաև կկազմակերպվի համերգ՝ ԵՊԿ դահլիճում:
Բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու «Հանդիսատեսի համակրանք» առցանց մրցույթին, որը կանցկացվի մրցույթի ֆեյսբուքի էջում:
Պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի նպատակն է ամեն տարի մեկ հարկի տակ հավաքել շնորհալի ստեղծագործող հայազգի պատանիներին` տալով նրանց հնարավորություն՝ ներկայացնելու իրենց ստեղծագործություններն ու լինելու հայ կոմպոզիտորական դպրոցի մի մասնիկը: