02/05/2019 19:27
«Ողջո՜ւյն Հայաստան». «Voyage Voyage» երգով մեծ ճանաչում ստացած Քեյթ Ռայանը գալիս է Երևան
«Voyage Voyage» երգով մեծ ճանաչում ձեռք բերած ֆրանսիացի երգչուհի Քեյթ Ռայանը մեծ ակնկալիքներ ունի լեգենդար Շառլ Ազնավուրին նվիրված երեկոյից:
Հիշեցնենք, որ հայազգի լեգենդ Ազնավուրի 95-ամյակի կապակցությամբ մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեծամասշտաբ երեկո կանցկացվի, որին, ի թիվս այլ արտիստների, կմասնակցի նաև Ռայանը:
Մինչ Հայաստան ժամանելը՝ Ռայանը հանդես է եկել տեսաուղերձով, որում մասնավորապես նշված է.
«Ողջո՜ւյն Հայաստան: Ես Քեյթ Ռայանն եմ, և ձեզ հետ կհանդիպեմ մայիսի 26-ին` Երևանում՝ մեծն Շառլ Ազնավուրին նվիրված բացառիկ համերգին: Շուտով կտեսնվենք»:
Տեղեկացնենք, որ բացի Քեյթ Ռայանից «Քեզ համար, Հայաստան» խորագիրը կրող երեկոյի ընթացքում հանդես կգան համաշխարհային ճանաչում վայելող սիրված ֆրանսիացի երգիչներ Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Սլիմանը, Րաֆֆի Արտոն և այլք: Ֆրանսիացի արտիստներին կնվագակցի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Քեյթ Ռայանն իր կարիերան սկսել է 2001թ.-ին, 2006թ.-ին «Je t’adore» ստեղծագործությամբ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում ներկայացրել է Բելգիան:
Ծնվել է երաժշտական ընտանիքում, 8 տարեկանից նվագել է դաշնամուր, կիթառ: 16 տարեկանում դարձել է «Melt» խմբի անդամ: Խումբը գոյություն է ունեցել երկու տարի, սակայն ոչինչ չի թողարկել: Ծանոթանալով պրոդյուսեր Էնդի Ջանսենի հետ՝ Քեյթ Ռայանը լքել է «Melt» խումբը և սկսել նրա հետ երաժշտություն գրել: Նրանց դեբյուտային «Scream For More» սինգլը, որը թողարկվել է 2001թ.-ին, միանգամից մեծ հաջողություն է ունեցել, և բելգիական հիթ շքերթների առաջատար դարձել շուրջ 17 շաբաթով:
2002թ.-ին Քեյթ Ռայանը պայմանագիր է ստորագրել EMI Belgium-ի հետ և թողարկել իր առաջին՝ «Different» ալբոմը: Վաճառվել է այդ ալբոմի ավելի քան 250 000 օրինակ: Նրա հաջորդ ալբոմները ևս հաջողված էին: Իսկ Ռայանին մեծ ճանաչում բերած «Voyage Voyage»/«We All Belong» հիթը թողարկվել է 2007թ.-ին: