03/05/2019 11:59
Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
Վերջին շրջանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում է հակառակորդի գործողությունների աճ, որոնք դրսևորվում են ինչպես ինժեներա-ամրաշինական մեծածավալ աշխատանքների, այնպես էլ հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների տեսքով, հայտնում են ՊԲ մամուլի ծառայությունից:
«Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակային խոցման թիրախ է ընտրում ոչ միայն ՊԲ առաջնային դիրքերը, այլև մարտական հերթապահություն իրականացնող հայկական անձնակազմի թիկունքային ապահովման շարժական օբյեկտները:
Մասնավորապես՝ ադրբեջանական զինուժը բոլորովին վերջերս «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններից կրակ է վարել ՊԲ արևելյան (Ակնա) հատվածում տեղակայված զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ՝ վնասելով թափքը, իսկ միայն մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը բանակի հյուսիս-արևելյան (Մատաղիսի) հատվածում գտնվող մարտական դիրքերի ուղղությամբ խոշոր տրամաչափի դիպուկահար զինատեսակներից, գնդացիրներից ու ինքնաձիգերից արձակել է շուրջ 330 կրակոց:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ուշադրությունն է հրավիրում վերոնշյալ փաստի վերաբերյալ՝ միաժամանակ կոչ անելով ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրադրությունը արհեստականորեն սրելու անհեռանկար մարտավարությունից»,- այս մասին ասված է ՊԲ մամուլի հաղորդագրության մեջ: