03/05/2019 13:45
Էդմոն Մարուքյանը վարչապետից պահանջում է հերքել կառավարության նիստում ԼՀԿ-ի օրինագծի վերաբերյալ իր հայտարարությունը
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում է հերքել կառավարության նիստում իրենց խմբակցության ներկայացրած օրինագծի վերաբերյալ արած հայտարարությունները։
Ամեն ինչ սկսվել է երեկ կառավարության նիստում վարչապետի արած մի քանի հայտարարություններից. Լուսավոր Հայաստանը «Գնումների մասին» օրենքում կատարված փոփոխություններով առաջարկել էր գաղտնազերծել պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային, ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները։ Այսինքն՝ ընդդիմադիր խմբակցությունը պահանջում էր հրապարակային դարձնել կառավարության ղեկավարի, ԱԺ նախագահի և մյուս պաշտոնատար անձանց կատարած ծախսերը։
Սակայն կառավարությունը չընդունեց այն՝ համարելով, որ այս տեղեկատվության թափանցիկությունը կվնասի պետական անվտանգությանը և այն պետք է շարունակի գաղտնի մնալ:
«Այսինքն՝ հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների գրաֆիկները նախապես ինտերնետում դնել, մարշրուտները գծել, գրել, թե ինչ զենքերով են զինված անվտանգության ծառայողները, քանի անվտանգության ծառայող ա ուղեկցում, նրանցից ով ա լավ կրակում, ամենավատը ով ա կրակում, և կից խորհրդատվություն, թե ոնց ա ավելի համար տեռորիստական ակտ իրականացնել տվյալ պետական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Կարծում եմ, իհարկե, մենք թափանցիկության ճանապարհով գնում ենք, և եթե էսպիսի անհրաժեշտություն զգանք, կարծում եմ, մենք ինքներս նախաձեռնություն կիրականացնենք», - որպես օրինագիծը չընդունելու հիմնավորում ասել էր վարչապետը:
Էդմոն Մարուքյանը, սակայն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում պնդում է, որ Փաշինյանը նենգափոխել է իրենց օրինագիծը ու հանրությանը այն ներկայացրել այլ կերպ և այդ պատճառով էլ իրենք հրապարակային հերքում են պահանջում վարչապետից։
«Ինձ ավելի շատ վրդովեցրել է ոչ թե այն, որ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել նախագծին, այլ այն հանգամանքը, որ վարչապետը նենգափոխել է օրինագծի էությունը։ Մինչդեռ մենք ներկայացրել էինք այն օրինագիծը, որին պատգամավոր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը կողմ էր քվեարկել», - նշեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ երեկ կառավարության նիստում գործադիրի ղեկավարի հայտարարությունից ու հեռուստաընկերությունների տարածած տեղեկությունից հանրությունը հասկացել է, որ «Լուսավոր Հայաստանը» օգնում է ահաբեկչական տարբեր կազմակերպություններին, թե ինչպես ահաբեկչություն անել երկրի առաջնորդների դեմ։
«Երկրի թիվ մեկ պաշտոնյայի բերանից նման բան դուրս գա՞։ Ես կարծում եմ` դա ուղղակի խայտառակություն է։ Դա գնացել է եթեր, ու մարդիկ ինձ զանգում են, գրառումներ են անում ու կարծում են, որ մենք այդպիսի նախագիծ ենք ներկայացրել», - հավելեց պատգամավորը։
Նկատենք, որ երկրի առաջին դեմքերի գնումների, ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունը օրենքի ուժով հանրության համար փակվեց 2014-ին, երբ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մեծ ծախսերի մասին հետաքննական հոդվածներ հրապարակվեցին։ 2014-ին երբ այդ օրինագիծը բերվեց խորհրդարան, ընդդիմությունը՝ ՀԱԿ (Նիկոլ Փաշինյանը այս խմբակցության կազմում էր-հեղ.), «Բարգավաճ Հայաստանը» դեմ էր դրան։