03/05/2019 09:39
«Փաստ». Անցումային արդարադատությունը թևակոխում է նոր փուլ
«Փաստ» թերթը գրում է, որ անցումային արդարադատության վերաբերյալ կառավարության նախաձեռնությունը թևակոխում է նոր փուլ. նախատեսվում է այս հարցի շուրջ առաջիկայում լուրջ գործընթացներ սկսել։
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունների հավատարիմ իրավաբաններից Վահե Գրիգորյանը և Նիկոլայ Բաղդասարյանը լծվել են այս հարցի բովանդակային դրույթների քննարկմանը։ Թերթը կառավարության կուլիսներում շրջանառվող փաստաթղթերից պարզել է, որ մասնագիտական խմբերի հետ արդեն փակ խմբային հանդիպումներ են տեղի ունենում։ Ոլորտում մասնագիտացած ու իշխանությունների հետ աշխատող հ/կ սեկտորը զբաղված է թեման հանրության մեջ աստիճանաբար, հատվածաբար շրջանառելու գործով:
Թերթը տեղեկություններ ունի, որ արդեն աշնանը այն կմտնի հանրային մեծ օրակարգ և մինչև տարեվերջ խորհրդարանում այս հարցի հետ կապված քննարկումներ կծավալվեն։ Գործող իշխանություններն իրենց առջև խնդիր են դրել մինչև 2020թ. գարունը այն դարձնել իրականություն: