03/05/2019 18:32
ՍԴ դատավորի թեկնածուները 9-ն են. Վահե Գրիգորյանը դարձյալ առաջադրվել է
Այսօր ավարտվել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների առաջադրման ժամկետը և առաջադրված թեկնածուները ինն են։
ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանն Aysor.am-ին տեղեկացրեց, որ ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրված թեկնածուներն են՝ Հովհաննես Հովհաննիսյանը, Մարտին Մանուկյանը, Կարեն Կարապետյանը, Գևորգ Մուրադյանը, Վահե Գրիգորյանը և Արթուր Վաղարշյանը։ Մնացած երեք թեկնածուները ցանկացել են գաղտնի մնալ։
Վահե Գրիգորյանը, հիշեցնենք, այս պաշտոնի համար առաջադրվում է արդեն 3-րդ անգամ։
Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունն արդեն չորրորդ անգամ է՝ չի ստացվում։ Վերջինը տեղի էր ունեցել ապրիլի 16-ին, երբ ՀՀ նախագահի կողմից առաջադրված Գոռ Հովհաննիսյանին խորհդրարանական մեծամասնությունը մերժեց։
Ավելի ուշ՝ ապրիլի 18-ին, նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել էր կարգադրություն՝ ՍԴ դատավորի նոր ընտրության մասին.
«Հանրապետության նախագահի 2019 թվականի ապրիլի 18-ի ՆԿ-21-Ա կարգադրության 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ մինչև մայիսի 3-ը՝ ժամը 18:00, Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրմանը մասնակցելու նպատակով հավակնորդները Հանրապետության նախագահի աշխատակազմ առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստով կարող են ներկայացնել Սահմանադրության 165-րդ հոդվածի 1-ին մասով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուներին ներկայացվող պահանջները հավաստող փաստաթղթերը»։