03/05/2019 11:30
Երեք ամսով ունենք 6,5 տոկոս տնտեսական ակտիվություն. նախարար
Երեք ամսով ունենք 6,5 տոկոս տնտեսական ակտիվություն, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Այն միջին հաշվով համադրելի է նախորդ երեք տարիների ցուցանիշներին», - ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ 6,5 տոկոս տնտեսական ակտիվության վրա ազդել է արդյունաբերական արտադրանքի ծավալների աճը 2 տոկոսային կետով, որը համեմատաբար ցածր է նախորդ երեք տարիների միջին ցուցանիշից։
Նա նշեց, որ արագ է աճել մշակվող արդյունաբերությունը. առնվազն 7,5-ից 8 տոկոսով աճ կա։
«Ներքին առևտրային շրջանառությունը նույնպես բավական բարձր ցուցանիշներով է բնութագրվել. 10 տոկոսը գերազանցող տնտեսական ակտիվություն ենք ունեցել այդ հատվածում», - ասաց Տիգրան Խաչատրյանը։
Նախարարն ասաց, որ շինարարության ծավալի աճը, նախորդ տարվա առաջին երեք ամիսների նկատմամբ, կազմել է 10,8 տոկոս, իսկ գյուղատնտեսությունը ունեցել է մոտավորապես նույն ծավալը, ինչ 2018 թվականին։