03/05/2019 19:39
Ինչպես պետությունն էր, այնպես էլ այս շենքն էր. ԵՊԹ-ի նոր տնօրենը պատրաստվում է վերանորոգել թատրոնի շենքը
Մայիսի 1-ից Երգի պետական թատրոնը նոր տնօրեն ունի: Օրերս Մշակույթի նախարարության կողմից այդ հաստիքին որպես ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց «Իմ քայլը» դաշինքից Երևանի ավագանու անդամ հաղորդավար, լրագրող, պրոդյուսեր Արմեն Սարգսյանը: Aysor.am-ի հետ զրույցում նորանշանակ տնօրենը տեղեկացրեց՝ թատրոնի անձնակազմի ու գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի հետ ջերմ հարաբերություններ ունեն, երկար տարիներ ծանոթ են միմյանց ու երբեք որևէ խնդիր չեն ունեցել:
«Երբ նախարարությունից եկան ինձ ներկայացնելու, ես արդեն թատրոնում էի: Զարմացած էին, որ իմ ու թատրոնի անձնակազմի մեջ որևէ խնդիր չէր առաջացել: Հավատացեք՝ հաստատ չեմ լինի այնպիսի կոլեկտիվում, որի կողմից չեմ ընդունվում»,- վստահեցրեց մեր զրուցակիցը:
Արմեն Սարգսյանն արդեն ծանոթացել է թատրոնի խնդիրներին: Ասում է՝ անելու շատ բան կա, շենքի պայմաններն ու թատրոնի տեխնիկան, մեղմ ասած, լավ վիճակում չեն: Ուզում է հասկանալ, թե որտեղից սկսի աշխատանքը:
«Վերանորոգման անհրաժեշտություն կա, շատ հավանական է՝ շուտով հենց վերանորոգումից էլ սկսենք: Ինչպես պետությունն էր, այնպես էլ այս շենքն էր: Պետք է սկսել ինտենսիվ աշխատել, որպեսզի վերականգնվի, թատրոնը նոր շունչ ստանա: Խորհրդային ժամանակաշրջանի կառուցված շենք է՝ ամուր է, բայց հին ու վաղուց անտեսված: Ու հիմա ես փորձում եմ օգտակար լինել: Ցանկալի է, որ այս շենքի պայմանները լավագույնը լինեն, քանի որ այստեղ երեխաներ են սովորում, մշակույթ, արվեստ է ձևավորվում»,- ընդգծեց նա:
Երգի պետական թատրոնի նախկին տնօրենն Արթուր Ասատրյանն էր։ Պաշտոնավարման ժամկետը լրանում էր, իսկ նա հիվանդության պատճառով տեղափոխվել էր ԱՄՆ: Նոր տնօրենից հետաքրքրվեցինք՝ ի՞նչն է պատճառը, որ այս տարիների ընթացքում Արթուր Ասատրյանը լուծում չի տվել խրոնիկ դարձած խնդիրներին.
«Անկեղծ ասած՝ չեմ հետաքրքրվել: Ավելի ճիշտ կլինի՝ այդ հարցն ուղղեք նախկին տնօրենին, երբ նա վերադառնա Միացյալ Նահանգներից: Գուցե խնդիրները շա՞տ են եղել ու նա ա՞յլ խնդիրներ է լուծել իր պաշտոնավարման տարիներին: Չգիտեմ»:
Կառավարության որոշմամբ՝ 6 ամսվա ընթացքում պետք է տնօրենի մրցույթ անցկացվի: Կմասնակցի մրցույթին թե ոչ՝ ժամանակավոր պաշտոնակատարը դեռ չի որոշել: Ժամանակը ցույց կտա:
Երևանի ավագանու անդամ լինելը Ա. Սարգսյանին չի կաշկանդում գործունեության նոր ոլորտում, հատկապես, որ օրենքը չի արգելում համատեղել:
«Ավագանու անդամը հասարակական հիմունքով գործունեություն է ու չի խանգարում ներկայիս զբաղվածությանը: Բնականաբար, երկուսն էլ ծանրաբեռնված աշխատանքներ են, բայց դեռևս հասցնում եմ: Եթե զգամ, որ որևէ տեղ թերանում եմ, անպայման կհրաժարվեմ ինչ-որ մեկից»,- վստահեցրեց նա:
Հատկանշական է, որ շուրջ երկու ամիս առաջ մի շարք մշակութային ՊՈԱԿ-ների, այդ թվում՝ Երգի պետական թատրոնի լուծարման մասին տեղեկանք էր շրջանառվում:
«Երգի պետական թատրոն» ՊՈԱԿ-ին ամրագրված տարածքը, ըստ տեղեկանքի, առաջարկվում էր տրամադրել Հայաստանի էստրադային ջազ նվագախմբին: Այս հանգամանքը վրդովվեցրել էր թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանին:
Aysor.am-ի հարցին՝ խնդիրը շարունակո՞ւմ է արդիական մնալ, ու արդյոք ԵՊԹ-ն մեկ այլ շենք կտեղափոխվի՞, տնօրենը պատասխանեց.
«Տարածքը Ջազ նվագախմբին տրամադրելու մասին տեղյակ չեմ, բայց ինչ վերաբերվում է շենքի փոփոխությանը՝ մենք պետք է նայենք, թե որքան հատվածն ենք օգտագործելու, ինչքանն է նպատակահարմար թատրոնի զարգացման համար, ըստ այդմ՝ որոշենք: Դեռևս մի քանի օր է, որ այստեղ եմ, ու չեմ հասցրել մանրամասն ծանոթանալ խնդրին: Ինձ համար մի բան է փաստ՝ տարածքը վերանորոգման խնդիր ունի: Պետք է քննարկել և՛ Կառավարության, և՛ Պետական գույքի կոմիտեի հետ»: