03/05/2019 16:52
«Ավրորա» ֆորումի շրջանակում կիրականացվի «Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների առաջին փառատոնը
Հայտնի հեռուստահաղորդավարներ և պրոդյուսերներ Դին Քեյնը և Մոնտել Ուիլյամսը կներկայացնեն «Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների անդրանիկ փառատոնը (Impact Humanity Television and Film Festival (IHTFF)), որը կանցկացվի Երևանում 2019թ․-ի հոկտեմբերի 15-ին և 16-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում:
Փառատոնը կանցկացվի «Ավրորա» ֆորումի շրջանակում, որը տեղի կունենա հոկտեմբերի 14-21-ը, այն նոր ասպարեզ է աշխարհի քաղաքացիների համար, որոնք, յուրացնելով աշխարհի մարդասիրական ու կրթական լավագույն փորձը, ձգտում են դիմագրավելու աշխարհի հրատապ մարտահրավերները՝ խթանելու սոցիալական, մշակութային, գիտական ու տեխնոլոգիական զարգացումներ:
«Մեծ պատիվ է ներկայացնել մեր փառատոնը «Ավրորա» ֆորումի շրջանակում: IHTFF-ը կանդրադառնա մարդու իրավունքների թեմային նվիրված հեռուստատեսային և կինոնախագծերին, որոնք ուղված են մարդասիրական սկզբունքների պահպանմանը և զարգացմանը։ Այսօր աշխարհում տիրող երկպառակտության և անտարբերության մթնոլորտում մենք նպատակ ունենք հանրահռչակելու այն հեռուստա և կինոնախագծերը, որոնք նպաստում են մարդասիրական գաղափարների առաջխաղացմանը և մարդկության բարելավմանը»,- ասել է Դին Քեյնը:
Մոնտել Ուիլյամսն էլ ընդգծել է, որ փառատոնի առանցքը ներկայիս մարդասիրական շարժումն է, որն իրականացվում է ի հեճուկս համաշխարհային և տեղային խոչընդոտների և բարձրաձայնում է մարդու իրավունքների, մարդասիրական գաղափարների մասին.
«Սա բարոյական և արդար գործ է։ Մենք ցանկանում ենք կառուցել դեպի ապագա տանող կարևոր կամուրջներ, որոնք իրենց ազդեցությունը կունենան հանրության վրա երկար տարիներ»:
Փառատոնի տնօրեն Անդրես Կաստիլյոն ասել է.
«Այժմ մենք հայտեր ենք ընդունում հինգ անվանակարգում՝ «Վավերագրական կարճամետրաժ ֆիլմ և ռեպորտաժ», «Հատուկ ռեպորտաժ», «Հեռուստասերիալ», «Լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ», «Լիամետրաժ վավերագրական ֆիլմ» »:
Հայտագրումն անվճար է։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2019 թ-ի հունիսի 30-ն է։ Մրցույթում ընդգրկված նախագծերը հայտնի կդառնան օգոստոսի 30-ին։ Ընտրող հանձնաժողովում հայտնի կինոգործիչներ են, մարդասերներ և Հոլիվուդյան հեռուստա և կինոարտադրության ոլորտի նշանակալի ներկայացուցիչներ։ Ֆիլմերի ցուցադրման ձևաչափը Blu-Ray-ն է։
Ավրորա ֆորումի շաբաթվա ընթացքում IHTFF- ի շրջանակում ցուցադրություններից զատ կկայանա նաև մրցանակաբաշխություն, ինչպես նաև կկազմակերպվեն հատուկ քննարկումներ` նվիրված մարդու իրավունքները լուսաբանող ֆիլմերի կարևորությանը։