04/05/2019 11:26
Դատախազը որոշել է փոխել «Սպայկա»-ի տնօրենի խափանման միջոցը. կալանքի տակ պահելու հիմքերը վերացել են
«Սպայկա» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելու հիմքերը վերացել են, հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։
«Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերացել են «Սպայկա» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելու հիմքերը, ինչպես նաև այն, որ քրեական գործի շրջանակներում վերջինս միասնական հաշվեհամարին վճարել է 1 միլիարդ ՀՀ դրամ գումար, ուստի նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել խափանման միջոցը՝ կալանավորումը փոփոխելու մասին»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում։
Դավիթ Ղազարյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքեր կամ պարտադիր այլ վճարումներ վճարելուց չարամտորեն խուսափելու համար։
Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 միլիարդ դրամ մաքսատուրք և հարկ:
ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Դավիթ Վենգերի Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։