06/05/2019 16:30
Ծառուկյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելը կարող է դիտվել քաղաքական հետպանդում, չստեղծելը՝ պայմանավորվածություն. Մակունց
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կարծում է, որ քաղաքական որոշմամբ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծելը կարող է դիտվել որպես քաղաքական հետապնդում։
«Նախկինում Էթիկայի հանձնաժողովը եղել է կայուն, գործող հանձնաժողով, որը ամեն անգամ հատուկ ձևավորման գործընթաց չի անցել․ հիմա իրավիճակն այլ է։ Այս ԱԺ կանոնակարգով Էթիկայի հանձնաժողովը ձևավորվում է փաստացի քաղաքական որոշումների հիման վրա։ Սա, կարծում եմ, շատ վատ նախադեպ կարող է լինել, որովհետև, եթե մենք ստեղծում ենք Էթիկայի հանձնաժողով քաղաքակն որոշման հիման վրա, ապա դա կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հետապնդում։ Եթե մենք չենք ստեղծում Էթիկայի հանձնաժողով՝ դարձյալ քաղաքական որոշման հիման վրա, ստացվում է՝ մենք ձեռք ենք բերել քաղաքական պայմանավորվածություն։ Սա երկկողմանի սխալ իրավիճակ է»,- այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց Մակունցը։
Այս իրավիճակում, ըստ Մակունցի, լավագույն լուծումը սպասելն է իրավապահ մարմինների կողմից իրավական գնահատականներին։Այդուհանդերձ, Մակունցը չբացառեց, որ ինչ-որ փուլում Էթիկայի հանձնաժողով կստեղծվի։
Բացի այդ, իշխանական խմբակցության ղեկավարը ընդգծեց, որ օրենսդրական փոփոխություններով այնպես պետք է անել, որ Ազգային ժողովն ունենա մշտական, կայուն գործող Էթիկայի հանձնաժողով, որը նման իրավիճակներում կարող է քննել առաջացած հարցերը։
Հիշեցնենք՝ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը դիմել էր ԱԺ երեք խմբակցություններին Գագիկ Ծառուկյանի պատգամավորական էթիկայի խախտումներին առնչվող հարցերի քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը նախաձեռնելու առաջարկով։
Մինչ այդ, նույն կուսակցությունը հաղորդում էր ներկայացրել Գլխավոր դատախազություն, որտեղից էլ այդ հաղորդումը ուղարկվել էր Հատուկ քննչական ծառայություն։