06/05/2019 12:48
Մանվել Գրիգորյանի պաշտպանական խումբն իրավունքների խախտման հիմքով գնում է ՄԻԵԴ
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ վարույթն իրականացնող մարմինները միջամտում են իր պաշտպանյալի վերաբերյալ գործի քննությանը։
Մանվել Գրիգորյանի քրեական գործից փաստաբանը մի հանգամանք մատնանշեց. «Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել նաև հարկային պարտավորություններից խուսափելու համար։ Բայց Քրեական օրենսգիրքը նաև պահանջում է՝ եթե անձը առերևույթ հարկային պարտավորությունները չկատարելու հիմքով փոխհատուցում է այդ պարտավորությունները, ուղղակի պարտավոր են գործը կարճել։ Դա իմպերատիվ պահանջ է։ Սակայն վարույթն իրականացնող մարմինը (ՀՔԾ-ն-խմբ.) այդ գործն ուղարկեց դատարան»։
Փաստաբանը եզրակացրել է, որ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով տեղի է ունենում ընտրովի արդարադատություն։
«Գրիգորյանի պաշտպանական խումբը, ըստ էության, սպառված է համարում արդարադատությունը ներպետական ատյաններում և օրենքով սահմանված կարգով դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Ավելին, վերջին դատական ակտը չենք սպառելու ներպետական ատյաններում և աղաղակող խախտումներով դիմելու ենք Եվրոպական դատարան», - հայտարարեց փաստաբանը։
Նա տեղեկացրեց, որ Մանվել Գրիգորյանի գործով «աղաղակող են նյութական և իրավական խախտումները» և հենց այդ հիմքով ել դիմում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Ինչ վերաբերում է Գրիգորյանի խափանման միջոց կալանքին, որը վերացնելու համար պաշտպանական կողմի բազում միջնորդություններ մերժվել են դատարանների կողմից, փաստաբանն ասաց, որ մեղադրող կողմը հիմքեր չի ներկայացնում, թե ինչպես կարող է Մանվել Գրիգորյանը, կալանքից ազատվելով, խոչընդոտել քննությանը։
«Մեղադրող դատախազը հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանը, չգտնվելով կալանքի տակ, կարող է խոչընդոտել քննությանը։ Նա բերե՞ց գոնե մեկ օրինակ, որ այս ֆորմատով անձը կարող է խուսափել ու խոչընդոտել քննությանը», - հավելեց փաստաբանը։
Նա նաև նկատեց, որ Մանվել Գրիգորյանը թոքերի քաղցկեղով հիվանդ է ունի շաքարային դիաբետ, ամեն օր մեծ չափերի ինսուլին է ընդունում։
Արձագանքելով մեղադրող դատախազի հայտարարությանը, թե Մանվել Գրիգորյանի քաղցկեղը բուժվել է, փաստաբանը հայտարարեց.
«Եթե գիտությանը հայտնի է մեկ դեպք, որ քաղցկեղը բուժվել է, ես կհամաձայնեմ նրա հետ։ Ավելին, մեր ձեռքի տակ կան հեղինակավոր բժիշկների կարծիքներ, որոնք ահազանգում են Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ սպառնալու մասին՝ կապված նրա քաղցկեղի ու շաքարային դիաբետի հետ»։