06/05/2019 16:03
«Տուրեցկու երգչախումբը» Երևանում երկու ինքնատիպ համերգով կներկայանա
Ռուսաստանի ամենահայտնի կոլեկտիվներից մեկը՝ լեգենդար Միխայիլ Տուրեցկու «Տուրեցկու երգչախումբը» («Хор Турецкого»), Երևանում կներկայանա երկու ինքնատիպ համերգով:
Ամբողջ աշխարհում ճանաչում վայելող երաժշտախումբը մայիսի 27-ին, ժամը 19:00-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում, և մայիսի 28-ին, ժամը 19:00-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում, կներկայացնի ինքնատիպ համերգային ծրագիր:
«The best» խորագրի ներքո կհնչեն «Տուրեցկու երգչախմբի» երգացանկի լավագույն ստեղծագործությունները:
Ի դեպ, նշենք, որ սկզբում կոլեկտիվը Երևանում պետք է հանդես գար միայն մեկ համերգով, սակայն, հաշվի առնելով մեծ պահանջարկն ու հետաքրքրությունը, որոշվեց ևս մեկ համերգ ավելացնել:
«Տուրեցկու երգչախումբ»-ը երաժշտական կոլեկտիվ է, որը բաղկացած է տասը մենակատարներից: Երգչախումբը ղեկավարում է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Միխայիլ Տուրեցկին:
Երաժիշտների երգացանկում ընդգրկված են երգեր անգլերենով, ֆրանսերենով, իտալերենով և շուրջ տասը այլ լեզուներով:
Երգչախմբի այցեքարտն այն է, որ խմբի անդամները կարողանում են իրենց կենդանի կատարմամբ փոխարինել երաժշտական գործիքների:
«Տուրեցկու երգչախումբ»-ը երգում է տարբեր ազգությունների, դարաշրջանների, ժանրերի երաժշտություն, ինչն էլ հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին գտնել իր երաժշտությունը:
Երգչախումբը մեր երկրում վերջին անգամ եղել է 5 տարի առաջ՝ 2012 թվականին: