07/05/2019 20:15
Կենդանաբանական այգու միջոցներով՝ սեփական խոզերի ֆերմա, կենդանիների ապօրինի առքուվաճառք. Այգու տնօրենն՝ իր դեմ իրականացվող սաբոտաժի պատճառների մասին
Հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում Երևանի կենդանաբանական այգին «բնակիչների» հաճախակի կորուստ է ունենում: Այդ մասին առաջինն ահազանգում են հենց այգու աշխատակիցները՝ մեղադրելով տնօրենին:
Ժամանակ առ ժամանակ բռնկվող ու մարող կրքերը թեժացան նաև մայիսի 1-ին՝ Կենդանաբանական այգու սեզոնի բացման ժամանակ: Կենդանիներով հիացող այցելուներից զատ այնտեղ էին նաև այգու հեռացված աշխատակիցներն ու կենդանասերներ, ովքեր բողոքի ցույց էին կազմակերպել՝ պահանջելով տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը:
Aysor.am-ի հետ զրույցում Կենդանաբանական այգու տնօրենը խոստովանել է՝ նախկին աշխատակիցների՝ իր դեմ կազմակերպած բողոքի ցույցերը պայմանավորված են նրանով, որ ինքը արատավոր երևույթներին վերջ է դրել՝ Կենդանաբանական այգու տարածքից հեռացնելով մասնավոր բիզնեսն ու դադարեցնելով կենդաններին գումարի դիմաց շահագործելու մոլուցքը: Ըստ տնօրենի՝ իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքները կեղծ են ու միտում ունեն իրեն զրպարտելու:
Aysor.am-ը թեմայի շուրջ պարզաբանումներ է ստացել Ռուբեն Խաչատրյանից:
- Պարոն Խաչատրյան, Կենդանաբանական այգու ու Ձեր անձի շուրջ խոսակցությունները պարբերաբար թարմանում են: Ինչո՞վ եք պայմանավորում նման դժգոհություններն ու բողոքի ալիքները:
- Բողոք իրականացնող որոշ անձինք հետապնդում են միմիայն անձնական և բիզնես շահ: Կենդանաբանական այգու որոշ ներկա և նախկին աշխատողներ, ովքեր Կենդանաբանական այգու դեմ իրականացվող այս սաբոտաժի կարկառուն ներկայացուցիչներից են, նախկինում՝ մինչև 2011 թվականը, Կենդանաբանական այգում իրականացրել են բիզնեսներ: Դա պատմում են այստեղի հին աշխատողները:
- Ի՞նչ բիզնեսների մասին է խոսքը:
- Օրինակ՝ աշխատողներից մեկն ունեցել է խոզերի ֆերմա և այդ խոզերին պահել է Կենդանաբանական այգու միջոցների հաշվին: Որոշ աշխատողներ Կենդանաբանական այգու այցելուներին մատուցել են ձիով շրջայցեր՝ համապատասխան վճարի դիմաց: Մի աշխատող էլ առյուծի ձագերին հանել է վանդակներից ու գումարի դիմաց այցելուներին թույլատրել է կենդանու հետ լուսանկարվել, ինչը տանջանք է կենդանու համար: Նախկին աշխատողները զբաղվել են Կենդանաբանական այգու կենդանիների ապօրինի առուքուվաճառքով, մասնավոր դեպքերում՝ նաև վաճառքից հետո ապահովել են վաճառված վայրի կենդանիների հետագա խնամքի հետ կապված վճարովի խորհրդատվություն… Բազմաթիվ նմանատիպ մութ պատմություններ են տեղի ունեցել. ինչպես պամում են աշխատողները, նախկինում նրանք հնարավորություն են ունեցել օգտվելու Կենդանաբանական այգու կենդանիների համար մատակարարվող սննդամթերքից: Ու դա, ասում են, եղել է ցածր աշխատավարձերի փոխհատուցում:
Նմանատիպ երևույթներն իմ տնօրինության տարիներից խստիվ արգելվել են։ Հնարավորության սահմաններում բարձրացրել եմ աշխատողների աշխատավարձերը՝ հետզհետե բացառելով այդպիսի արատավոր երևույթների առկայությունը Կենդանաբանական այգում: Հենց դա էլ պատճառ հանդիսացավ նրանց այսպիսի վարքագծին և իմ հանդեպ ունեցած վերաբերմունքին: Բնականաբար, այդ մարդիկ չեն հանդուրժում Կենդանաբանական այգում իմ ներկայությունը և ժամանակ առ ժամանակ բարձրաձայնում են իրենց դժգոհությունները:
- Օրերս այգում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ մի շարք հնչեղ հայտարարություններ արվեցին. նախ, հերթական անգամ բարձրաձայնվեց այն մասին, որ 3 առյուծներ Ձեր կարգադրությամբ քնեցվել են, բայց նրանց խնամքի համար շարունակվել է գումար դուրս գրվել: Ձեր անունը բիզնես ոլորտում կապվեց Բնապահպանության ներկայիս նախարար Էրիկ Գրիգորյանի հետ, ընդգծվեց, որ անհատապես Ձեզ սատարում է Երևանի փոխքաղաքապետը: Նաև, նշվեց, որ Ձեր թիկունքում կանգնած է, իրենց խոսքով՝ «հոպարը»՝ Լևոն Սարգսյանը։ Այս մեղադրանքները իրականության հետ որևէ աղերս ունե՞ն:
- Այդ հնչեղ հայտարարությունները հերյուրանք են, չեն համապատասխանում իրականությանը, ամբողջությամբ զրպարտանք են իմ անձի հանդեպ: Քնեցված երեք առյուծների վերաբերյալ նախկինում էլ հնչեցված զրպարտչական հայտարարությունների մասին օրենքով սահմանված կարգով դիմել եմ դատարան՝ պատվիս և արժանապատվությանս պատճառված վնասի փոխհատուցման պահանջով: Այս հարցն ուսումնասիրվել է վերջերս՝ Երևանի կենդանաբանական այգում Քաղաքապետարանի կողմից իրականացված ստուգումների ընթացքում: Ավելացնեմ նաև, որ հարցը քննվում է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական կոմիտեում, որի արդյունքների մասին կտրվի որոշում՝ համապատասխան քննության ավարտից հետո:
Ինչ վերաբերում է իմ և Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի միջև եղած կապին, պետք է ասեմ, որ այո՛, մենք ընկերներ ենք, սակայն նա իմ հովանավորը չի հանդիսանում:
Ասեմ նաև, որ Երևանի փոխքաղաքապետը ինձ չի սատարում, այլ առաջնորդվում է ՀՀ օրենսդրության պահանջներով:
Իսկ այն հարցին, որ իմ թիկունքում կանգնած է «հոպար Լևոն Սարգսյանը», ուղղակի հարկ չեմ համարում անդրադառնալ, քանզի դա զրպարտություն է:
- Հիմնական մեղադրանքները հնչեցնում էր «Ջամբոյի» սեփականատեր Արտյոմ Վարդանյանը: Ձեր մեջ անհատական որևէ կոնֆլիկտ կա՞, թե՞ դա լոկ կենդանասերի անհանգստություն էր:
- Նա խնդիր ունի ինձ հետ, քանի որ ես բարձրաձայնում եմ կենդանիների վերաբերյալ հարցեր, որոնք, ցանկալի չէ, որպեսզի հանրայնացվեն: Իսկ նրա կենդանասիրության մասին կարծիք չեմ ուզում հայտնել, պարզապես կարող եմ մի փաստ ֆիքսել՝ իսկական կենդանասերը չի ծաղրում կենդանիներին:
- Ի դեպ, Դուք նախկինում էլ հայտարարել եք Հայաստանում կենդանիների թրաֆիքինգի մասին: Ու որքան հասկանում եմ՝ համոզմունքը չի փոխվել:
- Ո՛չ, չի փոխվել, ու ես շարունակում եմ մնալ այդ համոզմունքին: Ինչպե՛ս նախկինում, այնպե՛ս էլ հիմա հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում առկա է կենդանիների թրաֆիքինգի շարունակվող արատավոր երևույթը:
- Պարոն Խաչատրյան, վերջին մեկ տարվա ընթացքում Կենդանաբանական այգու կենդանիների անկման դեպքերի մասին հաճախ ենք լսում: Ինչո՞ւ են այդ դեպքերը հաճախակի դարձել: Նաև, պատրաստվո՞ւմ եք համալրել գազանանոցի «բնակիչների» թիվը:
- Կենդանիների անկման դեպքեր միշտ են եղել Կենդանաբանական այգում, նույնիսկ նախկինում, պարզապես հիմա դրանց մասին հանրայնացվում է, իսկ նախկինում չի հանրայնացվել, և ոչ մեկը տեղեկություն չի ունեցել դրանց մասին։ Ինչ վերաբերում է համալրմանը, ապա Երևանի կենդանաբանական այգու կենդանիների հավաքածուն համալրվում է յուրաքանչյուր տարի, և այս տարին նույնպես բացառություն չէ: Շուտով Կենդանաբանական այգու կենդանի հավաքածուն կհամալրվի կաթնասունների, սողունների, թռչունների համապատասխան տեսակներով
- Բողոքի ակցիայի մասնակիցները շեշտում են նաև այն, որ այգին մասնագետների լուրջ խնդիր ունի։
- Հավատացեք, Երևանի կենդանաբանական այգին մասնագետների անհրաժեշտ քանակություն ունի: Բայց մեկտեղ՝ մենք միշտ ուրախ ենք համալրելու մեր թիմը նոր և խոստումնալից մասնագետներով:
- Քանի որ բողոքողների մեջ կան նաև հեռացված աշխատողներն, կպարզաբանե՞ք՝ վերջին 1 տարվա ընթացքում քանի՞ աշխատակից է հեռացվել ու ի՞նչ հիմքով:
- Այո՛, իհարկե։ Վերջին մեկ տարվա ընթացքում՝ 2018 թվականի մայիս ամսից մինչև 2019 թվականի մայիսը Երևանի կենդանաբանական այգում աշխատանքից հեռացվել են ընդհանուր թվով վեց աշխատակից, որից․
2018 թվականի ընթացքում՝
1. Տնօրենի առաջին տեղակալ Արման Մակարյանը՝ անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու հիմքով՝ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն:
2. Կենդանիների Խնամքի բաժնի համակարգող Մանուկ Մանուկյանը՝ անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու հիմքով՝ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1- ին մասի 9-րդ կետի համաձայն:
3. Կենդանիների խնամքի բաժնի ավագ խնամող Կարեն Մարտիրոսյանը՝ անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու հիմքով՝ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113- րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն:
2019 թվականի ընթացքում ՝
Կենդանիների խնամքի բաժնի ավագ խնամողներ Գևորգ Գրիգորյանը, Գայանե Գփոյանը և Արման Պետրոսյանը՝ աշխատանքի էական պայմանները փոփոխվելու հիմքով՝ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն:
Բոլոր ազատումները կատարվել են ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանմամբ:
- Պարոն Խաչատրյան, Կենդանաբանական այգու տարածքից հեռացրել եք նաև մի շարք տնտեսվարողների: Ի՞նչ տնտեսվարության մասին է խոսքը, և ինչո՞ւ որոշեցիք նրանց հետ պայմանագիրը դադարեցնել: Եթե, իհարկե, պայմանագիր կնքված է եղել:
- Երկար տարիներ Երևանի կենդանաբանական այգին չէր կարող իրականացնել տարածքների վարձակալության տրամադրման մրցույթներ, կնքել վարձակալության պայմանագրեր՝ նոտարական վավերացմամբ, ինչպես նաև կատարել դրանցից ծագող իրավունքների պետական գրանցում, քանի որ Երևանի կենդանաբանական այգու սեփականության վկայականում առկա էր փաստացի և սեփականության վկայականում նշված շենք-շինությունների, տարածքի, հատակագծի անհամապատասխանություն՝ հաշվի առնելով վերջին տարիներին իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքները։ Այս հարցը օրակարգային է եղել վերջին տարիներին, Երևանի քաղաքապետարանի հետ շտկումներ էին կատարվում, որպեսզի փոփոխվեր «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի սեփականության վկայականը, ինչի պարագայում ամբողջությամբ կապահովվեր օրենքի պահանջը՝ տարածքը տնտեսվարողներին վարձակալության հիմունքներով հանձնել մրցույթային կարգով:
Մինչ այդ, խնդրի կարգավորման նպատակով, Երևանի քաղաքապետարանի թույլտվությամբ, Երևանի կենդանաբանական այգին տնտեսվարողների հետ կնքել է ընդամենը տարածքի օգտագործման թույլտվության պայմանագրեր՝ հնարավորինս պահպանելով ՀՀ օրենսդրության սահմանած պահանջները նմանատիպ գործարքների վերաբերյալ, ինչը բխել է Երևանի կենդանաբանական այգու շահերից: Չէ՞ որ դա ապահովել է լրացուցիչ դրամական մուտքեր և թեթևացրել Երևանի կենդանաբանական այգու ֆինանսական բեռը, ինչպես նաև՝ տարեշրջանի սեզոնին ապահովել է Երևանի կենդանաբանական այգու այցելուների ժամանցը:
Ուստի, վերոհիշյալ հիմքով,Կենդանաբանական այգու տարածքից ոչ մի տնտեսվարող չի հեռացվել առանց օրենքով սահմանված հիմքերի: Տվյալ տնտեսվարողների հետ կնքվել են տարածքի օգտագործման թույլտվության պայմանագրեր՝ սահմանված որոշակի ժամկետներով: Բոլոր պայմանագրերը կնքվել են 2018թ.-ի մայիսի 01-ից մինչև հոկտեմբերի 31-ը գործողության ժամկետներով. տարբեր տնտեսվարողների հետ տարբեր ժամկետներ են սահմանված եղել: Պայմանագրերով սահմանված գործողության ժամկետների ավարտմամբ պայմանագրերը համարվում են դադարեցված:
2018 թվականին որոշ տնտեսվարողներ իրենց պայմանագրերով սահմանված գործողության ժամկետի ավարտից հետո ազատել են Կենդանաբանական այգու համապատասխան տարածքը առանց խոչընդոտների՝ չխախտելով պայմանագրի դրույթները, իսկ որոշ տնտեսվարողներ հրաժարվել են կատարել պայմանագրով սահմանված պահանջները:
2019 թվականի ապրիլին, երբ արդեն հստակ էր, որ այսուհետ այս ձևաչափով չենք աշխատելու, և Երևանի կենդանաբանական այգու տարածքները տրամադրվելու են համապատասխան մրցույթով՝ հնարավորություն տալով ազատ տնտեսական մրցակցության, նրանց սահմանված կարգով՝ և՛ բանավոր, և՛ գրավոր կերպով ծանուցվել է, որ ամիսներ առաջ դադարեցված պայմանագրերը այս պահին ուժ չունեն, նրանց հետ նախկին իրավահարաբերությունները չեն կարող շարունակվել: Ինչպես նաև բացատրվել է, որ կարող են իրենք նույնպես մասնակցել այդ մրցույթին, ինչին ի պատասխան ստացվել են սպառնալիքներ։
- Բողոքի ակցիայի մասնակիցները մայիսի 1-ին հստակ պահանջ էին ներկայացնում՝ Ձեր հրաժարականը: Նրանց ընդառաջ կգնա՞ք, թե՞ մեկ այլ ճանապարհ եք տեսնում…
- Մեկ այլ ճանապարհ եմ տեսնում։
Հ.Գ. Նշենք, որ բողոքի ցույցի հաջորդ օրը Ռուբեն Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման միջոցո հանրությանը տեղեկացրեց, որ պատրաստվում է դիմել դատարան՝ պատճառված վնասի փոխհատուցման պահանջով: Գրառման մեջ մասնավորապես նշված է.
«Հարգելի՛ ընկերներ և կոլեգաներ, ԶԼՄ-ներով տարածում է ստացել Կենդանաբանական այգու բարի համբավն ու հեղինակությունն արատավորող, վարկաբեկիչ, իրականության հետ կապ չունեցող մի շարք արտահայտություններ, որոնց թվում՝ «Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանի հրապարակային արտահայտությունը, որ «Կենդանաբանական այգու տնօրենին հովանավորում է բնապահպանության նախարարը, միասին բիզնես ունեն» :
Նշված անձի, ինչպես նաև որոշ ցուցարարների արտահայտություններն ակնհայտորեն միտում ունեն արատավորելու թե՛ Կենդանաբանական այգու, թե՛ իմ, թե՛ իմ անձնակազմի համբավն ու հեղինակությունը:
Հրապարակավ հայտնում եմ, որ ցուցարար խմբից ոմանք համարձակվել են նույնիսկ ակնհայտ սպառնալ Այգու աշխատակիցներին՝ սեփական տեսակետը արտահայտելու և Այգու շահերը պաշտպանելու համար:
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև Այգու դիմաց ցույցեր կազմակերպող խմբի հետ օրինական դաշտում երկխոսության անհնարինությունը՝ պատրաստվում եմ դիմել դատարան՝ նշված արտահայտությունների հրապարակայնորեն հերքման և պատճառված վնասի փոխհատուցման պահանջով:
Վնասի փոխհատուցումից ստացված գումարն ամբողջովին կուղղվի Երևանի կենդանաբանական այգում նոր ազատավանդակների կառուցմանը»: