07/05/2019 19:24
Չենք հավատում Ադրբեջանի խաղաղության կոչերին, քանի դեռ ժամանակը չի ապացուցել դրանց իսկությունը. Բաբայան
Մենք չենք հավատում Ադրբեջանից հնչող խաղաղության կոչերին, քանի դեռ ժամանակը չի ապացուցել դրանց իսկությունը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով Հեյդար Ալիևի երբեմնի մերձավոր, Ադրբեջանի առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովի՝ պաշտոնական Բաքվին ուղղված կոչին՝ հրաժարվել ռազմատենչ հռետորաբանությանից և գործուն քայլեր ձեռնարկել հայերի հետ հաշտության եզրեր գտնելու ուղղությամբ:
«Բազմաթիվ այդպիսի կոչեր են եղել։ Բայց, եթե դրանք ուղղակի կոչեր են մնում, խոսքն ընդամենը ցինիզմի մասին է։ Եթե Ադրբեջանն իրոք ուզում է, որ հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով, դա միաժամանակ և՛ հեշտ է, և՛դժվար։ Իրենք պետք է ուժ գտնեն և ճանաչեն Արցախի Հանրապետությունը՝ առանց որևէ նախապայմանի։ Դրանից հետո շատ ավելի հեշտ կլինի հարցը համապարփակ կարգավորել»,- ասաց մեր զրուցակիցը։
Դավիթ Բաբայանի խոսքով, ադրբեջանական հասարակության որոշ անդամների խաղաղասիրական կոչերն ընդամենը փորձ են՝ շեղելու թե՛ միջազգային, թե՛ ադրբեջանական հանրության ուշադրությունը։
«Ինչպե՞ս կարող են Ադրբեջանում խաղաղության կոչեր հնչել, եթե նրանք հերոսացնում են Սաֆարովի պես հանցագործներին, եթե նրանք ամեն գնով ուզում են ազատության մեջ տեսնել Շուշիում բանտարկված ադրբեջանցի մարդասպաններին և ահաբեկիչներին։ Այնպես որ, խաղաղության կոչերն անտրամաբանական են»,- ասաց Դավիթ Բաբայանը։