07/05/2019 12:16
Կառավարության նոր կառուցվածքում նախարարություններից մեկի անվանումն ու գործառույթը կփոխվի
Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար այսօր խորհրդարանի հերթական նիստերի մեկնարկին արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարությունը վերանվանվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբեության նախարարության։
Նախարարի փոխանցմամբ, նույն նախարարության գործառույթների թվում ավելացել է ռազմաարդյունաբերության ոլորտում միջազգային համագործակցության գործառույթը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախարարությունը զբաղվելու է ռազմաարդյունաբերության համալիրի արդիականացմամբ, արտադրանքի ստեղծման և արտաքին շուկաներում դրանց վաճառքի խթանման հարցերով։
Մյուս փոփոխությունը, որը կատարվել է մինչև երկրորդ ընթերցման ռեժիմ ներկայացնելը, այն է, որ նախատեսվում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնը դարձնել որպես հայեցողական պաշտոն։ Նաև սահմանվել են որոշակի չափորոշիչներ՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնում նշանակում կատարելու համար։ Նախագծի համաձայն, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնը կարող է զբաղեցնել կրթություն ունեցող, 25 տարին լրացած, հայերենին տիրապետող, ինչպես նաև առնվազն 2 օտար լեզվի իմացությամբ անձը։
Հիշեցնենք՝ այս օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում էր կառավարության օպտիմալացմանը ու դրանից բխող կրճատումներին. նախատեղվում է ունենալ 17-ի փոխարեն 12 նախարարություն, ինչի հետևանքով կկրճատվի շուրջ 200 աշխատատեղ։
Օրինագծին առաջին ընթերցմամբ քվեարկության ժամանակ դեմ էին ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները։