07/05/2019 18:43
Հույս ունենք, որ Հարավային Կովկասում բոլոր երկրները կապրեն խաղաղ, անվտանգ իրենց հարևանների հետ. ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ
Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների մակարդակը չպետք է գնահատվի երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների կողմից փոխադարձ այցելությունների քանակով, այլ՝ հարաբերությունների բովանդակությամբ, այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը։
ԱՄՆ դիվանագետն այս հայտարարությունն արեց պատասխանելով լրագրողի հարցին, թե վերջին շրջանում տեսակետներ են հնչում, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներ հաճախ չեն այցելում Հայաստան։
Քենթն ասաց, որ այս այցի ընթացքում ոչ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ է հանդիպել, այլ նաև կառավարության շատ անդամների։
«Այսօր՝ նիստի ժամանակ, մենք քննարկել ենք, թե ինչպես կարող է Հայաստանը բարելավել իր արդարադատության համակարգը, ինչպես ծավալել պայքար կոռուպցիայի դեմ։ Իսկ արդեն օրվա վերջում մենք խոսում էինք շրջակա միջավայրի պահպանության, առանձին կենդանատեսակների ու մաքուր ջրի պահպանության մասին»,- ասաց Ջորջ Քենթը։
Հարցին՝ արդյոք ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի ադմինիստրացիան ունի՞ հստակ մոտեցում, հայեցակարգ Հարավային Կովկասի անվտանգային խնդիրների հետ կապված, Քենթը պատասխանեց.
«Մենք հույս ունենք, որ այս տարածաշրջանում բոլոր երկրները կապրեն խաղաղ, անվտանգ իրենց հարևանների հետ։ Հենց այդ նպատակով էլ մենք Մինսկի խմբի համանախագահ երկիր ենք, աշխատում ենք Հայաստանի ու Ադրբեջանի հետ օգնելու գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորում»։
Ջորջ Քենթը հայտարարեց նաև, որ իրենք, որպես ԵԱՀԿ անդամ պետություն, բացառում են ուժի ու ուժի սպառնալիքի կիրառումը։