07/05/2019 14:23
Այս պահին նպատակահարմար չենք համարում. Մակունցը՝ Ծառուկյանի՝ մանդատը վայր դնելու հարցով հանձնաժողով ստեղծելու մասին (Տեսանյութ)
Այս պահին նպատակահարմար չենք համարում էթիկայի հանձնաժողով ստեղծելը, նպատակահարմար ենք համարում իրավապահ մարմինների եզրակացությանը սպասելը, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Խմբակցությունում եղավ քննարկում և հանգեցինք այն եզրակացությանը, որ այս պահին մեզ համար կարևոր է սպասել իրավապահ մարմինների եզրակացությանը»,- ասաց Մակունցը:
Դիտարկմանն՝ արդյոք էթիկայի հանձնաժողով չի՞ ստեղծվի, եթե իրավապահ մարմինների եզրակացությունը բացասական չլինի, Մակունցն ասաց.
«Ես նման բան չասացի»:
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե Գագիկ Ծառուկյանը ոչ թե օլիգարխ է, այլ խոշոր սեփանատեր, ու այդ դեպքում հիմա ի՞նչն է վիճարկվում, Ծառուկյանի օլիգա՞րխ, թե՞ խոշոր սեփանատեր լինելը, այս երկու բնորոշումներից ո՞րն է Ծառուկյանի մասով ընդունելի քաղաքական մեծամասնության համար՝ Մակունցն ուղիղ չպատասխանեց՝ նշելով.
«Ի՞նչ եք հասկանում օլիգարխ ասելով: Այն ունի հստակ սահմանում, որը նշանակում է իշխանության և բիզնեսի սերտացում և խորհրդարանական մեծամասնությունը չի ասոցացվում որևէ օլիգարխիայի հետ»:
Մակունցը նաև նշեց, որ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը նախաձեռնել է էթիկայի հարցերով հանձնաժողովը վերածել մշտական հանձնաժողովի և այս պահին փորձագետներն ուսումնասիրում են, թե ինչ ընթացակարգերով կարող են գործընթացը սկսել:
Հարցին՝ արդյոք այսպես փորձ է արվում խուսափել պատասխանատվությունից հարկ եղած դեպքում այդ հանձնաժողովը ձևավորելու համար՝ Մակունցը նշեց.
«Պատասխանատվությունից խուսափելու հարցը չէ: Մշտական հանձնաժողով ձևավորելու խնդիրը ժողովրդավարությունն ամուր ու անսասան պահելն է: Մենք չպիտի միայն այսօրվա խնդիրներով առաջնորդվենք: Իրավիճակները կարող են տարբեր լինել և ուզում ենք հնարավորինս հստակ գործընթացով ամեն ինչ առաջ գնա»: