07/05/2019 13:03
Նամակ ենք ուղարկել, որպեսզի հարցնենք՝ վերջն ի՞նչ եղավ Օրբելյանի հարցը. Լևոն Ջավադյան
Մենք դեռևս ապրիլի 1-ին հանդիպեցինք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և ներկայացրեցինք Կոնստանտին Օրբելյանի՝ տնօրենի պաշտոնից ազատման հրամանի հակափաստարկները։ Անցել է մեկ ամսից ավելի ժամանակ, և մենք մի փոքր անհանգիստ ենք, սպասում ենք, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյանը։
«Երեկ արդեն նամակ ենք ուղարկել, որպեսզի հարցնենք՝ վերջն ի՞նչ եղավ Օրբելյանի հարցը։ Մշակույթի նախարարությունն անհասկանալի քաղաքականություն է վարում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հանդեպ։ Մենք դրանից զարմանում ենք։ Ներկայացրել ենք բոլոր հակափաստարկները։ Բուն փաստաթուղթը, որը Մշակույթի նախարարության կողմից տրամադրվել է վարչապետին, երևի թե մոլորության մեջ է գցել։ Ինչպե՞ս կարող է մեկ մարդու բողոքով ասել, որ թատրոնի գեղարվեստական ղեկավարը ստեղծագործ պաշտոն չէ», - ասաց բանախոսը։
Հիշեցնենք, որ Կոնստանտին Օրբեկյանին թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու հիմք Մշակույթի նախարարությունն ավելի վաղ մեջբերել էր Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին օրենքի 15-րդ հոդվածը, ըստ որի՝ ՊՈԱԿ-ի տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, մինչդեռ Կոնստանտին Օրբելյանը բացի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենից, նաև գեղարվեստական ղեկավարի պաշտոնն էր զբաղեցնում։
Կոնստանտին Օրբելյանը 2016 թվականին նշանակվել էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, իսկ 2017 թվականի հուլիսին մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հրամանով՝ թատրոնի տնօրեն։