07/05/2019 13:26
Կոնստանտին Օրբելյանին ազատելու հարցում պաշտոնեական դիրքի չարաշահում է եղել. արվեստագետ
8 դաշնամուրի թեման բոլոր այն ուժերի միակ հակափաստարկն է, որոնք ուզում են ռևանշ անել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց թատրոնի երիտասարդական ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյանը։
Հիշեցնենք՝ խոսքն այն դաշնամուրների մասին է, որոնք իր հետ տանելու մտադրության մասին ավելի վաղ հայտարարել էր թատրոնի նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանը։
«Հարցն այդ 8 դաշնամուրի մեջ չէ, Կոնստանտին Օրբելյանը զբաղվում է բարեգործությամբ։ Նա ինչ էլ անում է, նվիրում է Կոնստանտին Օրբելյանի անվան դպրոցին», - ասաց նա։
Ջավադյանը հիշեցրեց, որ 2017 թվականին Օրբելյանն ազատել է թատրոնի որոշ աշխատակիցների, այդ թվում՝ իրավաբան Քրիստինե Նաղդալյանին, քանի որ վերջինս, ըստ իրենց ենթադրությունների, կապ է ունեցել 2014-2016 թվականներին թատրոնում տեղի ունեցած չարաշահումների հետ:
Ըստ այդմ՝ Քրիստինե Նաղդալյանի բողոքի հիման վրա կայքերից մեկը հոդված է հրապարակել՝ իբրև թե թատրոնում խնդիրներ կան:
«Կարող ենք ասել, որ այստեղ պաշտոնեական դիրքի չարաշահում է եղել, որովհետև Նաղդալյանի ամուսինը բարձրաստիճան պաշտոնյա է Մշակույթի նախարարությունում, նա աշխատակազմի ղեկավարի տեղակալն է։ Այստեղ կար շահերի բախում», - ասաց նա։