07/05/2019 15:46
Ադրբեջանում Արցախի և Հայաստանի շահերի հետ հաշվի նստող մարդիկ պրակտիկորեն չկան. Քաղաքագետ
Որքան էլ ադրբեջանական հանրության առաձին ներկայացուցիչներ հայտարարեն, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, հակառակորդ երկրում շարունակում է գերիշխող մնալ այն համոզմունքը, որ հայկական կողմն «օկուպացրել է» իրենց հողերի մի մասը, և դրանք պետք է ամեն գնով հետ վերադարձնել։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով Հեյդար Ալիևի երբեմնի մերձավոր զինակից, Ադրբեջանի առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովի՝ պաշտոնական Բաքվին ուղղված կոչին՝ հրաժարվել ռազմատենչ հռետորաբանությանից և գործուն քայլեր ձեռնարկել հայերի հետ հաշտության եզրեր գտնելու ուղղությամբ։
Նրա խոսքով՝ մի բան է, երբ ադրբեջանցի որոշ գործիչներ կամ սահմանին ապրող մարդիկ մամուլում խաղաղասիրական կոչեր են հնչեցնում, մեկ այլ բան է, երբ իշխանությունն է ռազմատենչ հայտարարություններ տարածում։
«Ադրբեջանում խաղաղ լուծման կողմնակիցներ, իհարկե, կան, սակայն դա մեծ շերտ չէ։ Պետական գիծն այնպես է տարվում, որ Հայաստանն «օկուպացրել է» Ադրբեջանի հողերը, և վերջ։ Այսինքն՝ այդ երկրում շատ քիչ մարդիկ կան կամ պրակտիկորեն չկան, որոնք հաշվի են նստում Արցախի և Հայաստանի շահերի հետ։ Սա է խնդիրը։ Այդ մարդիկ չեն ճանաչում որևէ շահ՝ բացի Ադրբեջանի շահից։
ՀՀ վարչապետն ասում է՝ բանակցությունները կարող են արդյունք տալ, եթե խնդիրը լուծվի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների շահերից ելնելով։ Իսկ ահա Ադրբեջանում այս մասին ոչ ոք չի խոսում, որովհետև բոլորը գտնում են, որ հակամարտությունը պետք է լուծվի միայն Ադրբեջանի շահից ելնելով։ Գոյություն ունի մեկ շահ, մնացած բոլորի շահերը կարևոր չեն, և Ադրբեջանում այդ մթնոլորտը շարունակվում է»,- նկատեց Մանվել Սարգսյանը։