07/05/2019 15:31
Նրանք իրավական ընթացակարգով ասում են՝ «մենք պատրաստ ենք երաշխավոր լինել». Մարուքյանը՝ դատախզին ուղղված Արցախի նախագահների դիմումի մասին
Հայաստանի օրենսդրությամբ կա մեղադրյալի, ամբաստանյալի երաշխավորման ինստիտուտը, երբ հեղինակավոր անձինք երաշխավորում են նրա խափանման միջոցը փոխելու համար, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին գլխավոր դատախազին ուղղված Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դիմում-խնդրանքը։
Ընդդիմադիր պատգամավորը հորդորեց չշահարկել Արցախի՝ առանձին պետություն լինելու թեման, և ավելացրեց, որ դա ճիշտ ճանապարհ չէ։
«Դիմել են՝ դիմել են, գլխավոր դատախազը կքննարկի, կպատասխանեն։ Կա երաշխավորի ինստիտուտ. Երաշխավորները երաշխավորում են, որ նա ազատության մեջ մնալով չի խանգարի դատաքննությանը, կներկայանա կանչով և այլն»,- ասաց Մարուքյանը։
Պատգամավորը նկատեց՝ ճիշտ է և՛ նախկին, և՛ գործող նախագահները քաղաքական մարդիկ են, հետևաբար նրանց քայլի մեջ կարելի է փնտրել քաղաքական ենթատեքստ, բայց միևնույն ժամանակ ավելացրեց.
«Մենք խոսում ենք իրավական պրոցեդուրայի մասին, որ մարդիկ իրավական ընթացակարգով ասում են՝ մենք երաշխավոր ենք պատրաստ լինել։ Հաշվի կառնվի՞, թե՞ ոչ, դա գլխավոր դատախազի գործն է»։
Արցախի գործող և նախկին նախագահները իրենց դիմումում մասնավորապես, նշել էին.
«...Մենք պատրաստ ենք հանդես գալ ցանկացած հրապարակային երաշխիքով, որն անհրաժեշտ կլինի նրա՝ մեկուսարանից ազատ արձակվելու և կայանալիք դատավարության ողջ ընթացքում ազատության մեջ լինելու համար։
Հուսով ենք, որ Ձեր որոշմամբ հնարավորություն կընձեռեք, որպեսզի Արցախի Հանրապետության երեք ղեկավարներն էլ ներկա գտնվեն մայիսի 9-ի տոնակատարություններին Ստեփանակերտում և Շուշիում, ինչը, վստահաբար, համերաշխության և միասնականության ազդակ կդառնա ոչ միայն մեր հասարակության, այլև ամբողջ աշխարհի ու նաև հակառակորդի համար»: