08/05/2019 14:25
Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է ապրիլի 16-ը նշել որպես Հայ կինոյի օր
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Վահե Էնֆիաջյանը խորհդրարանին ներկայացրել են «Տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքում» լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկում են ապրիլի 16-ը հռչակել Հայ կինոյի օր։
Այսօր խորհրդարանում օրինագծի ներկայացման ժամանակ Զոհրաբյանը տեղեկացրեց, որ օրինագիծը պատրաստելիս քննարկումներ է ունեցել կինոյի գործիչների հետ, որոնք ոգևորված են եղել այդ նախաձեռնությամբ։
«Ես ինքս կողմ չեմ եղել Հայաստանի տոնացույցը ծանրաբեռնելուն, բայց սա, կարծում եմ, այն եզակի դեպքերից է, որ կա անհրաժեշտություն հայ կինոյի օրը նշել առանձին։ Գաղափարը եկել է կինոհամույթից»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը, որը մասնագիտությամբ թատերագետ է։
Նա հստակեցրեց, որ ընտրվել է ապրիլի 16-ը, քանի որ հենց այդ օրն է ստեղծվել պետկինոն, որը 1966 թվականին անվանվել է Համո Բեկնազարյանի անունով։
Կառավարությունն ընդունելի չի համարել պատգամավորի օրինագիծը, քանի որ կա կինոյի միջազգային օր՝ դեկտեմբերի 28-ը և ընդունված չէ ունենալ նույնաբովանդակ օրից ևս մեկը։ Բացի այդ, կառավարությունից պատգամավորին պատասխանել են, որ ապրիլի 16-ը ոստիկանության օրն է։
«Կառավարության այս պատասխանը որևէ քննադատության չի դիմանում, ինձ ցնցեց այս պատասխանը, անկեղծ ասած, ես պարբերաբար ցնցվում եմ կառավարության տարբեր ներկայացուցիչների էկզոտիկ հայտարարություններից։ Մտածեցի՝ ես եմ սխալվել, վերցրեցի տոների մասին օրենքը, նայում եմ, չեմ գտնում ոստիկանության օր։ Պարզվում է՝ այդ օրը կառավարության որոշմամբ նշանակվել է ոստիկանության մասնագիտական օր, որը օրենքով նախատեսվում է։ Սակայն այդ օրը Հայաստանի տոնացույցերի մեջ չկա»,- ներկայացրեց Նաիրա Զոհրաբյանը։
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը, նկատենք, դրական եզրակացություն է տվել նախագծին։
ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Սոս Ավետիսյանը Զոհրաբյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ է անելու ինքը, եթե խորհդրարանը հաստատեց նախագիծը։ Ի պատասխան Զոհրաբյանն ասաց, որ տոնը նշելը կախված է անձանցից, բայց տեղեկացրեց, որ կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի հետ արդեն քննարկել են, բայց փակագծեր չբացեց։
«Կինոհամույթի կողմից դե ֆակտո ապրիլի 16-ը նշվում է, այդ օրը անցկացվում է «Անահիտ» մրցանակաբաշխությունը և նաև կինոփառատոններ են անցկացվում այդ օրը։ Մենք այդ օրվա հետ կապված ունենք հետաքրքիր գաղափարներ, բայց եթե չվավերացնեք այս օրինագիծը, ես կհայտնեմ, թե ինչ հետաքրքիր իդեաներ կորան»,- հայտարարեց Զոհրաբյանը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ խմբակցությունում տեսակետները տարբեր են, հետևաբար քվեարկությունը թողել են ազատ։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները կողմ են ներկայացված օրինագծին։
Այս նախագծի քվեարկությունը տեղի կունենա մայիսի 10-ին։