08/05/2019 10:24
Միայն «Իմ քայլը» պաշտպանեց կառավարության օպտիմալացման ու կրճատումների մասին նախագիծը
Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին կառվարության ներկայացրած օրինագիծն այսօր Ազգային ժողովը ընդունեց. փաստաթղթին կողմ քվեարկեց միայն ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ իրենք ինչպես առաջին ընթերցման ժամանակ, այնպես էլ այժմ դեմ են օրինագծին։
«Մենք մնում ենք մեր սկզբունքային դիրքորոշմանը, որովհետև այս կառուցվածքը այս ձևով չի տալիս այն հարցերի պատասխանները, որոնք վերաբերում են հեղափոխությունից հետո մեր երկրում տնտեսական հեղափոխություն իրականացնելուն և ընդհանրապես, ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը նորմալացնելուն», - հայտարարեց Մելքումյանը։
Քվեարկությունից առաջ արտահայտելով «Լուսավոր Հայաստանի» դիրքորոշումը՝ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ առաջիկա մաիսների ընթացքում բազմաթիվ աշխատողներ են կրճատվելու, հետևաբար իրենք դեմ են օրինագծին։
«Հույս ունեինք կառուցողական աշխատանքի, մեծ առաջարկությունների փաթեթ էինք ներկայացրել, սակայն իշխանությունները մերժեցին։ Ես ուղղակի ուզում եմ ՀՀ քաղաքացիներին տեղեկացնել, որ ամառվա հանգիստ ամիսների ընթացքում մեծ կրճատումներ են սպասվում այս կառուցվածքի ընդունման հետևանքով։ Այդ կրճատումենրը չեն լինելու արդար, ուռճացված հաստիքների կրճատումներ։ Մենք դեմ ենք քվեարկելու ու վստահ ենք, որ այս կառուցվածքը երկար չի գոյատևելու», - հայտարարեց Մարուքյանը։
Արձագանքելով Մարուքյանին՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ ճիշտ է փաթեթային առաջարկներ չեն ընդունվել, բայց առանձին առաջարկներ դիտարկել է կառավարությունը ու դրանցից մի մասը տեղ է գտել կատարված փոփոխություններում։
««Իմ քայլը» խմբակցությունը կողմ է ներկայացված նախագծին ու տալիս է իր վստահության քվեն կառավարությանը՝ այս կառուցվածքային փոփոխությամբ իրականացնելու արդյունավետ գործունեություն», - հավելեց Մակունցը։
Հիշեցնենք՝ այս օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում էր կառավարության օպտիմալացմանը ու դրանից բխող կրճատումներին. նախատեսվում է ունենալ 17-ի փոխարեն 12 նախարարություն, ինչի հետևանքով կկրճատվի շուրջ 200 աշխատատեղ։