08/05/2019 13:01
Հույս ունենք, որ Ռուսաստանի մեր գործընկերների հետ կկարողանանք հասնել համաձայնության. Փաշինյան
Գազի թեմայի շուրջ Ռուսաստանի հետ քննարկումները և բանակցությունները շարունակվում են, այսօր պաշտոնավարման մեկ տարին ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր դիրքորոշումները հստակ արտահայտել ենք։ Հույս ունենք, որ Ռուսաստանի մեր գործընկերների հետ կկարողանանք հասնել համաձայնության», - ասաց վարչապետը։
Անդրադառնալով կապիտալի ներհոսքի մասին հարցադրմանը՝ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այսօր սփյուռքի գործարարների կողմից իրականացվող մի քանի ներդրումային ծրագիր կա։
«Մենք ամեն ինչ անում են, որպեսզի աջակցենք նրանց։ Այդ պրոցեսը կա, և այն ակնհայտ է։ Մենք հո մարդկանց չե՞նք ասում՝ այստեղ ներդրում արա, այս գործարանը՝ քեզ, այս հողը՝ քեզ։ Դաշտը բացված է, հնարավորությունները ստեղծված են, մարդիկ պետք է այդ հնարավորություններից օգտվեն։ Վիճակագրական տվյալներն էլ ցույց են տալիս, որ ներգաղթի միտումներ կան», - ասաց գործադիրի ղեկավարը՝ նշելով, որ հեռանկարում սփյուռքահայերի համար հիփոթեքային վարկավորմամբ բնակարանային ծրագիր իրականացնելու գաղափար կա։