08/05/2019 11:03
5,7 միլիարդ դրամ է հատկացվել զինվորական կենսաթոշակառուների բնակարանային կարիքները հոգալու համար. Մեկնարկել է վարչապետի ասուլիսը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազգային պատկերասրահում լրագրողների հետ հանդիպմանն ամփոփում է վարչապետ ընտրվելու մեկ տարին։ Փաշինյանն ասուլիսը սկսեց՝ ներկայացնելով 100 փաստ Նոր Հայաստանի մասին։
«Լրանում է իմ վարչապետ ընտրվելու մեկ տարին, ուրախ եմ, որ առիթ ունեմ ամփոփելու նման ֆորմատով», - ասաց նա։
Նոր Հայաստանի առաջին փաստը, ըստ վարչապետի, ընթացիկ տարվա բյուջետային եկամուտները գերակատրվել են ոչ թե 40 միլիարդ դրամով, ինչպես նախկինում էր հայտարավել, այլ՝ 62 միլիարդ դրամով։ «2019 թվականի առաջին եռամյսակում 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետական բյուջեի եկամուտները փաստացի աճել են 25 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է ստվերի կրճատման արդյունքում բյուջետային եկամուտների աճով», - ասաց Փաշինյանը։
Երկրորդ փաստն այն է, որ կառավարության՝ հարկ վճարողներին ունեցած 120 միլիարդ դրամ անցումային գերավճարի պարտք է մարվել, որը կազմել է ընդհանուր գերավճարի պարտքի 90 տոկոսը։ «Անցած տարվա հունվարի մեկի դրությամբ այդ պարտքը եղել է 130 միլիարդ, այսինքն՝ բիզնեսը 130 միլիարդ ավելի փող վճարած է եղել՝ առանց դրա պարտավորություն ունենալու», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ հեղափոխությունից հետո ԱԱԾ հարկի գծով շուրջ 19 միլիարդ դրամ ավելի գումար է վերադարձվել տնտեսվարողներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ «Փաստ համար չորս՝ հեղափոխությունից հետո նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ տպագրվել է 82 միլիոն հատ հսկիչ դրամարկղային կտրոն ավելի, որը շուրջ 35-40 տոկոս աճ է նախորդ տարվա նույն ժամանակատվածի համեմատությամբ», - ասաց կառավարության ղեկավարը։ Հինգերորդ փաստն, ըստ Փաշինյանի, նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն ՓՄՁ-ների սուբյեկտներին տրվում են 60 հազար դրամով՝ հնարավորություն ընձեռելով դրանք ձեռք բերել տարաժամկետ վճարումով։
Մյուս փաստը՝ 51 հազար աշխատատեղ դուրս է բերվել ստվերից, որի մի մասը, ըստ Փաշինյանի, ենթադրաբար նոր ստեղծված աշխատատեղեր են։ «Փաստ համար յոթերորդ՝ հաշվի առնելով մեքենաների ներմուծման աննախադեպ աճի տեմպերը՝ այսուհետ հնարավոր է մեքենան մաքսազերժել հանրապետության բոլոր մաքսատներում», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ Հաջորդ փաստը՝ այս տարվա հուլիսի մեկից զինվորականների, սեպտեմբերի մեկից՝ ուսուցիչների աշխատավարձերի բարձրացումն է։ Իններորդ փաստ՝ պահուստային ֆոնդից 5,7 միլիարդ դրամ է հատկացվել զինվորական կենսաթոշակառուների բնակարանային կարիքները հոգալու համար։
«Փաստ համար տասը՝ շուրջ 700-ով կրճատվել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների թիվը, նրանք փոխարինվել են պայմանագրայիններով։ Ոստիկանության զորքերը մասնակցում են հայ-ադրբեջանական պետական սահմանի պահպանությանը և ունեն իրենց պահպանության տեղամասը», - ասաց նա։