08/05/2019 11:17
Երբ հակառակորդը խախտում է հրադադարի ռեժիմը, մենք էլ ենք կրակում, ու շատ խիստ ենք կրակում. Պաշտպանության նախարար
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերական կայուն է, այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ մեկնաբանելով մայիսի սկզբին հակառակորդի կողմից հայկական անձնակազմի թիկունքային ապահովման շարժական օբյեկտները թիրախավորելու մասին տեղեկությունը։
Պաշտպանության նախարարը վստահեցրեց, որ բոլոր միջոցները ձեռնարկվում են, որ նման խնդիրներ չծագեն։ «Երբ նման դեպքեր լինում են հակառակորդի կողմից, այնպես չէ, որ մենք չենք կրակում։ Ու շատ խիստ ենք կրակում», - հայտարարեց պաշտպանության նախարարը։
Հիշեցնենք՝ օրերս Արցախի Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինուժը բոլորովին վերջերս «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններից կրակ է վարել ՊԲ արևելյան (Ակնա) հատվածում տեղակայված զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ՝ վնասելով թափքը, իսկ միայն մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը բանակի հյուսիս-արևելյան (Մատաղիսի) հատվածում գտնվող մարտական դիրքերի ուղղությամբ խոշոր տրամաչափի դիպուկահար զինատեսակներից, գնդացիրներից ու ինքնաձիգերից արձակել է շուրջ 330 կրակոց: