08/05/2019 12:42
Պետք է հասկանալ՝ կողմերից մեկը տվե՞լ է հրաման՝ ապակայունացնելու իրավիճակը, իսկ եթե ոչ, ինչու է ապակայունացել. Վարչապետը՝ սահմանին տիրող իրավիճակի մասին
Ադրբեջանը վերջին 25 տարում ինտենսիվ պատրաստվում է պատերազմի, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք կրակոցներ ենք ունենում անենօրյա ռեժիմով, էական չէ՝ շատ թե քիչ, նշանակում է՝ մենք պատերազմական կամ կիսապատերազմական վիճակի մեջ ենք», - ասաց նա:
Վարչապետն ասաց, որ, ընդհանուր առմամբ, վերջին շրջանում դեպքերի որոշակի լարում է նկատվում:
«Բայց ես ուզում եմ ասել, որ կայունությունը ու հանդարտությունը, որ կար, պահպանվում է», - ասաց վարչապետը:
Նա ասաց, որ ինքն Ադրբեջանի նախագահի հետ կապի մեջ է, փոխադարձ մեղադրանքներ են հնչում ու այս շրջանում փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվում:
«Ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի այս իրավիճակը հասկանալ, թե ինչ է կատարվում ու ինչու է կատարվում, ես մեր վիրավոր զինվորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում», - նշեց նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է հասկանալ՝ կողմերից մեկը տվե՞լ է հրաման՝ ապակայունացնելու իրավիճակը, իսկ եթե ոչ, ինչո՞ւ է ապակայունացել իրավիճակը:
«Չնայած ես դա չէի անվանի ապակայունացում, որոշակի օրերի միջադեպեր են արձանագրվում, ադրբեջանական կողմը որոշակի ինֆորմացիա է փոխանցում մեզ, որ իրենց մոտ էլ կան դեպքեր, մտահոգություններ, մենք պետք է աշխատանքային կարգով փորձենք հասկանալ», - նշեց ՀՀ վարչապետը՝ ավելացնելով, որ արդյունքում կանեն եզրակացությունները: