08/05/2019 19:54
Բրեմենում կբացվի ասեղնագործուհի Արմինե Խաչատրյանի անհատական ցուցահանդեսը
Մայիսի 9-ին Գերմանիայի Բրեմեն քաղաքում կբացվի ասեղնագործուհի Արմինե Խաչատրյանի անհատական ցուցահանդեսը, որը կգործի մինչև օգոստոսի 7-ը։ Կցուցադրվեն շնորհալի վարպետի շուրջ 50 ասեղնագործ աշխատանքներ։
Ժողովրդական վարպետ Արմինե Խաչատրյանն արդի շրջանի լավագույն ստեղծագործողներից է, ում աշխատանքներն առանձնանում են ավանդականի և նորի զուգորդմամբ, հայկական արվեստին բնորոշ ինքնատիպությամբ ու ճաշակով։
Ասեղնագործությունը դեկորատիվ-կիրառական արվեստի հնագույն տեսակներից է և հայկական ասեղնագործ արվեստը մեծ տեղ է գրավում ոչ միայն ազգային գեղարվեստական մշակույթում, այլև կարևոր ներդրում է համաշխարհային արվեստի գանձարանում:
Ասեղնագործուհի Արմինե Խաչատրյանն այդ հնամենի ավանդույթների կրողն ու շարունակողն է։ Նրա ստեղծագործությունները յուրօրինակ են. տարբերվում են զարդանախշերով, զարդակարերով, կատարման տեխնիկայով, գույներով և ոճով, որոնցում առկա են երկրաչափական, բուսական, կենդանական ձևերի պարզ ու բարդ զուգորդումներ: Դրանք ձևով և գունային լուծումներով աղերսներ ունեն հայկական որմնանկարչության, մանրանկարչության, քարի ու փայտի գեղարվեստական փորագրության, արծաթագործության և խաչքարագործության հետ:
Արմինե Խաչատրյանը «Արար» ազգային մշակույթի պահպանման, տարածման, զարգացման և հանրահռչակման» ծրագրի շրջանակում գործող լավագույն դասավանդողներից է, որի նշանակալի ներդրումը ՀՀ Արմավիրի մարզի Հացիկ, Խանջյան և Մյասնիկյան համայնքների ձեռագործ սովորող աղջիկներին ու կանանց իր վարպետության գաղտնիքների անմնացորդ նվիրումով ու սիրով փոխանցումն է։
Հայ կնոջ համար ասեղնագործությունը գեղեցիկի չափանիշ է, սեփական հմտության ու վարպետության արտահայտություն:
Արմինեի գործունեության շնորհիվ բազմաթիվ աղջիկներ և կանայք առնչվում են հայկական ասեղնագործության ավանդական արվեստի նրբահյուս հմտությանը, բացահայտում իրենց անհատականությունն ու հոգեկան ներդաշնակությունը։